Տարիներ շարունակ «մենաշնորհ», «օլիգարխ», «բենզին», «բանան», «շաքարավազ» և համանման արտահայտությունները եղել են քաղաքական գործիչների բառապաշարում։ Բնականաբար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս բացառություն չի եղել թե՛ որպես օրաթերթի խմբագիր, թե՛ որպես պատգամավոր։ Երբ այս տարվա մայիսի 1-ին, փողոցի ճնշմամբ նա պատրաստվում էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը, «խրոխտաբար» հայտարարեց, թե «մենաշնորհների վերացումն ընդամենը ժամերի խնդիր է»։ Այժմ, թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, Հայաստանում, ինչպես բոլորս խորապես համոզված ենք, լիակատար ազատ տնտեսական մրցակցության մթնոլորտ է: Ուղղակի կատարյալ: Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ Պետեկամուտների կոմիտեի նախագահը բազմիցս հայտարարել են, թե ով ինչ ուզենա, կարող է ներկրել: Դա էլ հերիք չէ, բոլոր նրանց, ովքեր ասում են, թե կա արհեստական մոնոպոլիա, կառավարության մակարդակով հերքում, են, քննադատում են եւ այլն: Մի խոսքով, կատարյալ մրցակցություն` ազատ ու անկաշկանդ:
 
Մինչդեռ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաշվետվություններից պարզ է դառնում, թե ինչպես է փոխվել մենաշնորհային համարվող զանգվածային սպառման մի քանի ապրանքների շուկաներում գործող ընկերությունների թիվը։ Ըստ այդմ, փոփոխությունը սկսվել է դեռևս 2015 թվականից՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված: Բացի այդ, մոնոպոլիայի հետ այս կամ այն կերպ առընչվող ապրանքների շուկաներում ընկերությունների ընդհանուր թիվը ավելացել է մինչև 2017 թվականը և նվազել 2018-ին: Սա, իհարկե, հակասում է Փաշինյանի՝ Հայաստանում մենաշնորհի վերացման մասին արված պնդումներին:
 
Իրավիճակ է փոխվել, և վերացման սպառնալիքի տակ հայտնված մոնոպոլիստները ոչ թե վերանում են, այլ պայքարում միմյանց հետ: Այսպես օրինակ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանը նոյեմբերին բավականին մեծ մասշտաբներով «ներխուժել» է բանանի շուկա և սպառնում է գրավել նախկին գերիշխողի՝ «Քեթրին Գրուպ»-ի տեղը։ Հենց «Սիթի»-ի ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք գրանցեց՝ 1 կիլոգրամը 350 դրամից դառնալով 600 դրամ։ Գերիշխողների ցանկում «Սիթի»-ի դիրքավորումը կերևա ավելի ուշ՝ 1-2 ամսից։
  
Ինչ վերաբերում է բենզինի շուկային, ապա գուցե կառավարությունը բացատրի, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ շուկան ազատականացվել է, իսկ բենզինի գինը չի նվազում: Նույնը նաև շաքարավազի շուկային է վերաբերվում, որտեղ Սամվել Ալեքսանյանը պահպանել է իր գերիշխող դիրքը: Ի դեպ, այս յոթ ամիսների ընթացքում կառավարության տրամադրած բիզնես արտոնությունների առյուծի բաժինը հասել է հենց Փաշինյանի կողմից մոնոպոլիստ հռչակվածներին: Փաշինյանը կամ չի ցանկացել, կամ էլ պարզապես չի կարողացել մոնոպոլիայի դեմն առնել, փոխարենն ընդունել է մի Հարկային օրենսգիրք, որով էլ ավելի է ծանրանալու փոքր ու միջին ձեռնարկատերերի կյանքը:
 
Ս.Խաչատրյան