«Ես չգիտեմ ծխախոտը և գազավորված ըմպելիքը կթանկանան թե ոչ, բայց լսել եմ, որ ակցիզի նոր մոտեցում կա»,- ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով գազավորված ըմպելիքի թանկացման վերաբերյալ լուրերին։

Հարցին, թե ինչպե՞ս այն կազդի գների վրա, պատգամավորը պատասխանեց․

«Գների վրա թե որքանով կազդի՝ առայժմ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև՝ լա՞վ է դա, որ ազդի, և ո՞ւր կգնա այդ գումարը։ Եթե, օրինակ, ժողովուրդը սկսի գազավորված լիմոնադ քիչ գնել, ապա անուղղակիորեն ի՞նչ է առաջարկում կառավարությունը սրանով, գուցե, որ բնական հյութը զարգանա, և դա, միգուցե լավ է»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Պատգամավորի խոսքով, եթե ինքը զգա, որ այս քայլով կառավարությունը կարգավորում է օգտակարի և վնասակարի խնդիր, այլ ոչ թե ուզում է բյուջե լցնել՝ այդժամ կկարողանա հստակ դիրքորոշում հայտնել թեմայի վերաբերյալ։ 

 «Երբ թեման դառնա օրակարգային նախագիծ, ես կառավարությունը կհարցնեմ, թե ի՞նչ հարց են լուծում սրանով։ Եթե նրանք ուզում են մարդիկ շաքար քիչ խմեն՝ դա մի խնդիր է, որն ամեն դեպքում կհարցնեմ առողջապահության ներկայացուցիչներից։ Մեկ այլ դեպք է, եթե գազավորված ըմպելիքին ակցիզ է ավելանալու, որ գինը փոքր-ինչ բարձրանա և մարդը սկսի բնական հյութ խմեցնել իր երեխային, ապա դա ես նորմալ եմ համարում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ինքը ևս նախընտրում է ոչ թե գազավորված, այլ բնական հյութ խմեցնել իր թոռնիկներին։

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ այս ամենի գլոբալ պատկերը թերևս անհասկանալի է և ներկայացված չէ, թե կառավարությունն ինչ խնդիր է ուզում լուծել սրանով։ Նրա խոսքով՝ երբ պատկերը ներկայացնեն և բացատրեն, գուցե համաձայնվի և դրական արձագանքի, կամ ձեռնպահ լինի, բայց գլոբալ առումով՝ որևէ բան փոխող պատկեր չի տեսնում։

«Եթե ժողովրդին հուզող սոցիալական խնդիր կա, ես նրա բողոքն ու պայքարը իր շահերի համար նորմալ եմ վերաբերվում։ Պիտի ժողովուրդը կարողանա ազդել իշխանության վրա»,- եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց Հովհաննես Իգիթյանը։

Սիլվի Տիգրանյան