«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին մեծ աղմուկ հանեց Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիպումից հրապարակված պաշտոնական լուսանկարը, որը տեղադրված էր ԵՄ պաշտոնական ֆեսյբուքյան էջերից մեկում եւ որն, ի դեպ, գովազդվում էր: Նկարը հեռացվեց միայն աղմուկից հետո: Նկարում պարզ երեւում է, որ ՀՀ վարչապետը շատ անհաջող դիրքում է կանգնած եւ ընդհանրապես չի երեւում կադրում:

 

Արարողակարգի եւ միջազգային հարաբերությունների մասնագետների կարծիքով՝ սա ուղղակի չէր կարող պատահական արվել, նման դեպքերում հաշվարկվում է ամեն ինչ, ամեն դետալ: Առավել եւս «չստացված» լուսանկարի պաշտոնական հրապարակումն ու գովազդումը պարզապես տարակուսանքի տեղիք են տալիս: Փորձագետների կարծիքով, եվրոպական կողմը նման կերպ արձագանքել է այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը, հասնելով Բրյուսել, չի մասնակցել հիմնական միջոցառումների քաղաքական մասին: Սակայն, անկախ դրդապատճառներից, շատ ավելի կարեւոր է հայաստանյան պատասխանատուների պահվածքը: Խոսքը արարողակարգի ու տեղեկատվության պատասխանատուների մասին է:

Ի վերջո, այստեղ խոսքը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այլ մեր երկրին, մեր պետությանը ու վերջինիս հանդեպ «դրսի» վերաբերմունքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում