Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լիճին: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ «կլիմայի տնտեսության» մեջ և կայուն զարգացման նպատակների իրականացման շրջանակներում էներգախնայողության մասով իր ելույթի ժամանակ, հաղորդում է «РИА Новости»-ն:

Միջոցառումը տեղի է ունեցել կայուն զարգացման վերաբերյալ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում:

Ավինյանի խոսքերով' կլիմայի փոփոխությունը արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:

«Կլիմայի փոփոխության հետևանքով ամենաշատը տուժող հատվածը Սևանա լիճն է: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ մենք ունենք լճի՝ որպես լիճ, կորցնելու հեռանկար», - ասել է Ավինյանը:

Փոխվարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանությունները աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ: «Առաջին հերթին մենք փորձում ենք բարձրացնել լճի ջրի մակարդակը' մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ պետք է ավելի շատ ջուր լճում », - ասել է նա:

Դրա շնորհիվ, ըստ նրա, սառը ջրի մակարդակը կլինի ավելի ցածր, ինչը թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ գոնե մոտ ապագայում:

«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը. դա զգում է թե բուսական և թե կենդանական աշխարհը», - ավելացրել է նա:

«Կարծում եմ, որ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ այն հարվածել է ուղիղ երկրի սրտին: Այժմ մենք հասկանում ենք, որ դրանք շատ լուրջ խնդիրներ են: Բայց, ցավոք, շրջակա միջավայրի խնդիրները ունեն անդառնալի ազդեցություն, ուստի մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին հիմա », - ընդգծել է Ավինյանը: