ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մեծ ասուլիսը սկսեց նոր 100 փաստերի հրապարակումով, որոնք արվել են այս ընթացքում կառավարության կողմից: Վերոնշյալ փաստերից պետք է առանձնացնել թերևս նրանք, որոնք այս ողջ ընթացքում գտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Այս մասին արդեն իսկ բազմաթիվ անգամ գրվել է, և դեռ հասկանալի չէ, թե ինչպես է ստացվել, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և վարչապետի մեկ շաբաթ առաջ հայտարարված թվերը էականորեն տարբերվում են: Մյուս կարևոր կետը, որը կարելի է հարցականի տակ առնել, վերաբերվում է ՀԴՄ-ին:

Ըստ Փաշինյանի՝ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38.5 տոկոսով: Մյուս կողմից մենք գիտենք, որ ՀԴՄ-ի հետ կապված ՊԵԿ աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետևանքով ի հայտ են եկել լուրջ բարդություններ, և այս թիվն էլ օբյեկտիվորեն կարելի է կասկածի տակ առնել: Տպավորություն է, որ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայել՝ այդ ցանկի մեջ մտցնելու բոլոր հնարավոր և անհնար ձեռքբերումները, այնպիսիք, ինչպիսի են օրինակ՝ սահմանամերձ գյուղերի շրջանավարտների համար վերջին զանգի կազմակերպումը:

 

Ըստ Փաշինյանի՝ երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում, և որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: Դա էլ թերևս կարելի է կասկածի տակ առնել, հաշվի առնելով, որ գնաճը շեշտակի էր, և այդ փաստը չի հերքել անգամ ՏՄՊՊՀ-ն: Հասկանալի չէ միայն, թե ինչ է անելու կառավարությունը անգամ ցածր գնաճը կանգնեցնելու ուղղությամբ: Վարչապետի 100 նոր փաստերը ավելի շատ հարցեր առաջացրին, քան հարցերի պատասխաններ տվեցին: Ավելի մանրամասն դրանց կանդրադառնանք հետագայում: