Երկրում խորացող համաճարակային ու սոցիալ–տնտեսական ճգնաժամի պայմաններում մեծանում է իշխանափոխության հանրային պահանջը։ Մինչ օրս այդ պահանջը հնչում էր արտախորհրդարանական ուժերի կողմից, սակայն երեկ տեղի ունեցած իրադարձությունը կարող է շրջադարձային դառնալ Հայաստանի ներքաղաքական կյանքի համար: Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը երեկվանից փոթորիկ է բարձրացրել իշխանական դաշտում: Իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ Ծառուկյանը հստակ մարտահրավեր նետեց՝ հայտարարելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, իսկ սա ավելի պարզ ձեւակերպված իշխանափոխության պահանջ է: Ելույթի սկզբում Ծառուկյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։ Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ ոչ միայն հակահամաճարակային քաղաքականության առումով, այլ առհասարակ: Նա ասաց, որ բնածին տաղանդով մարդը կարող էր միան արտաքին հարաբերություններն այս աստիճան սրել, խոսեց նաեւ Արցախի խնդրի շուրջ հետընթացի եւ բազում այլ թեմաների մասին: Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը եւ կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց։

Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին կոշտ արձագանքեցին, ավելի ճիշտ՝ սպառնացին իշխող մեծամասնությունից: Վարչապետի խոսնակը, տարբեր պատգամավորներ սպառնացին ընդհուպ մինչև քրեական հետապնդմամբ: Ինչպես միշտ իշխանական մեքենան աշխատեց՝ «ցանկացած անհասկանալի իրավիճակում խոսիր թալանից» սկզբունքով: Իսկ հարցը, թե ինչն էր խանգարում երկու տարի իշխանության ղեկը իրենց ձեռքում պահած անձանց՝ պատժել թալանչիներին (եթե դրանք ընդհանրապես կային)՝ մնում է բաց: Իշխանության նյարդային արձագանքը հասկանալի է՝ ունենալով նյութական ռեսուրսներ, պատկառելի խմբակցություն ԱԺ-ում և հեղինակություն, Գագիկ Ծառուկյանը կարող է նշանակալի դեր խաղալ ներքաղաքական զարգացումներում: Ընդ որում, խորհրդարանում հնարավոր է բավական լուրջ գործընթացներ խթանել, որի մասին վաղուց ակնարկում են տարբեր ընդդիմադիր խմբեր: Սա այն տարբերակն է, որի մասին մտավախություն է հայտնել Փաշինյանը «Հայկական ժամանակում», և որի կիրառման իրավական մեխանիզմները ներկայացված են Սահմանադրության 115–րդ հոդվածում։ Հոդվածի երկրորդ կետում նշված է՝ վարչապետին անվստահություն հայտնելու որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Եթե խորհրդարանում նոր մեծամասնություն ձևավորվի, այն է՝ ԲՀԿ–ն, ԼՀԿ–ն ու «Իմ քայլից» հակառակ տարածք քայլածները (ընդամենը 23 պատգամավոր) դառնան խորհրդարանի կեսից ավելին, ապա Փաշինյանը ստիպված կլինի լքել վարչապետի պաշտոնը: Սա այնքան էլ անհավանական սցենար չէ, հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի շուրջ տարբեր կարծիքներ և գնահատականներ են առկա նաև «Իմ քայլի»՝ թևերի բաժանված խմբակցությունում: Սա անշուշտ կառավարության հրաժարականի ուղիներից միայն մեկն է: Գագիկ Ծառուկյանն ազդարարեց քաղաքական լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, առանց որի միանշանակ հնարավոր չի լինի հասնել օրվա իշխանությունների հրաժարականին: Միանշանակ է, որ Փաշինյանը և իր թիմը չեն հեռանա, եթե չձևավորվի հասարակական–քաղաքական համապատասխան մթնոլորտ և չլինի լուրջ քաղաքական ճնշում: Ճնշումը կլինի կուլիսներո՞ւմ, թե՞ փողոցում, այլ խոսակցության թեմա է։

Միևնույն ժամանակ ուշագրավ էր Ծառուկյանի այն մեսիջը, որ առաջիկա քաղաքական կոնսոլիդացիայի մաս չեն կարող կազմել այն ուժերը և անհատները ովքեր ընդունելի չեն լինի ժողովրդի համար: Այս սկզբունքով Ծառուկյանը առաջնորդվեց նաև 2018 թվականին, երբ ԲՀԿ-ն կանգնեց ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող Փաշինյանի կողքին և առանց չափազանցության հենց այդ քայլն էլ դարձավ վճռորոշ հեղափոխության հաղթանակի տեսանկյունից: Սակայն հետհեղափոխական շրջանում նույն Ծառուկյանը բազմիցս է անդրադարձել Փաշինյանի և իր թիմի քաղաքականությանը, կոչ անելով չշեղվել հեղափոխության գաղափարներից և իրագործել խոստացված բարեփոխումները, առաջարկելով իր օգնությունը և աջակցությունը՝ հատկապես խոստացված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու հարցում: Բայց իշխանությունները շարունակեցին այլ կերպ՝ չկատարած խոստումներ երկրում համընդհանուր ատելության մթնոլորտի առկայության պարագայում խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ցանկացած քննադատության դեմ հարձակում ու շինծու քրեական գործերի հարուցում, սեփական թիմակիցների հանդեպ կամայական հաշվեհարդար, միջազգային ասպարեզում անկանխատեսելի ու անվստահելի գործընկերոջ համբավ, Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ իրարամերժ քայլեր ու հայտարարություններ: Հենց նման գործելաոճի անթույլատրելիությունն էր իր ելույթում ընդգծում Գագիկ Ծառուկյանը և հենց այս գործելաոճն էլ ըստ էության լցրեց թե ժողովրդի, թե ընդդիմության համբերության բաժակները, ինչն էլ հիմք դարձավ, որպեսզի ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը հստակ ձևակերպի՝ հանուն Հայաստանի փրկության Փաշինյանը պետք է հրաժարական տա:

Փաշինյանն առայժմ կարող է մասնակցել իր հեռացման գործընթացին ու ստանալ որոշակի երաշխիքներ՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։ Դրա մասին ակնարկեց նաև Ծառուկյանը, նշելով, որ կառավարությունը ինքը պետք է հասկանա իր սխալները և հեռանա՝ խաղաղ ճանապարհով: Անգամ կասկած չկա, որ եթե ճգնաժամն այնքան խորանա, որ մարդիկ լցվեն փողոցներ և մտնենք ցնցումների դաշտ, ապա Փաշինյանի հանդեպ ամենառադիկալը տրամադրված են լինելու իր իսկ սիրելի հպարտ քաղաքացիները։ Եթե Փաշինյանն իրոք ուզում է պատմության մեջ մնալ որպես Հայաստանի համար ինչ որ բան արած վարչապետ բացի իշխանափոխությունից, ապա պետք է պատրաստ լինի ընդունել իր սխալները և իր թիմի հետ հեռանալ: Ինչ վերաբերում է փոփոխության ժամկետին, ապա այն կախված է քաղաքական դաշտի եռման աստիճանից, համաճարակի տարածման տեմպերից և սոցիալական բարոմետրից։ Որքան շուտ տեղի ունենա լայն կոնսոլիդացիա, այնքան ավելի արագ կհեռանա կամ կհեռացվի Փաշինյանը։ Մի բան ակնհայտ է, Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը սկիզբ դրեց Փաշինյանի և իր թիմի հեռանալու հետհաշվարկին՝ արագացնելով այդ պրոցեսը…