ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Նա ընդգծել է' Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են, երկուսի հետ էլ իրենք ցանկանում են կառուցել լիարժեք հարաբերություններ:
Պուտինը խոսել է Սումգայիթյան ջարդերի ու հայ ժողովրդի նկատմամբ դաժանությունների մասին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից»,- ասել է նա:
ՌԴ նախագահը նշել է' Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումից ի վեր ընդհանուր առմամբ երկու կողմից գրեթե 5 000 զոհ կա: Նա ընդգծել է' ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են հասնել կարգավորման, սակայն Ռուսաստանն այս հարցում առավել հետաքրքրված է, քան մյուսները:
Պուտինն ասել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ, ընդգծել է' օրվա մեջ մի քանի անգամ զրուցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ռուսաստանը երբեք չի չարաշահել պետությունների, այդ թվում' ՆԱՏՕ-ի անդամների, միջև բախումները».- նշել է նա:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կօգնեն ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Ռուսաստանը Թուրքիայի հետ տարաձայնություններից չի զգուշանում: Անկարան հետաքրքրված է համագործակցության շարունակմամբ»,- ասել է նա' հավելելով, որ իրենք այնպիսի դիրք են ընդունում, որը կօգնի շահել երկու կողմի վստահությունը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ԼՂ հակամարտությանը միջամտելու դրդապատճառներին' Պուտինը նշել է.
«Չգիտեմ' ինչպես է նա վերաբերվում օսմանյան ժառանգությանը: Դա պետք է իրեն հարցնեք»
Պուտինը նշել է, որ եթե Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել' դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել: