ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բյուջետային ծախսերի կրճատման միջոցառումների պայմաններում որոշում է ընդունել իր աշխատավարձի 5 տոկոսը վերադարձնել երկրի բյուջե: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ներկայում նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, այն սահմանվում է օրենքով և չի կարող փոփոխության ենթարկվել: Սակայն Օբաման, ցանկանալով համերաշխություն հայտնել աշխատավարձերի կրճատումից տուժած մյուս պետծառայողների հետ, որոշել է աշխատավարձի մի մասը վերադարձնել բյուջե:
ԱՄՆ-ում խնայողության միջոցառումներն սկսել են գործել 2013 թվականի մարտի 1-ից: Ընդամենը մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջը, որն ավարտվում է սեպտեմբերի 30-ին, համերկրային բյուջեի ծախսերը ծրագրվում է կրճատել 85 մլրդ դոլարով: