Երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորեց կանանց ապրիլի 7-ի' մայրության և գեղեցկության տոնի առիթվ, ապա ևս մեկ անգամ հայտնեց, որ իրենք ներկայացրել են մրցունակ ծրագիր և մրցունակ թիմ:
Ելույթով հանդես եկավ նաև ՕԵԿ ցուցակը գլխավորող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ում խոսքով' ամենակարևոր խնդիրն այսօր ապակենտրոնացումն է: «Չի կարելի ամեն ինչ անել միայն կենտրոնի համար, պետք է ուշադրություն դարձնել նաև Երևանի ծայրամասերին: Պետք է նախարարությունները լինեն Երևանի տարբեր հատվածներում, ոչ թե միայն կենտրոնում»,- ասաց պրն Երիցյանը:
Ելույթներով հանդես եկան նաև ՕԵԿ ցուցակը գլխավորող այլ ներկայացուցիչներ:
Շնորհանդեսից հետո Արմեն Երիցյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Mardik.am-ի հարցին' ինչքան է գնահատում Արմեն Երիցյանն ՕԵԿ-ի շանսերը և համաձայն է արդյոք Արթուր Բաղդասարյանի այն կարծիքին, թե ավագանու ընտրություններում հիմնական մրցակցությունը կլինի ՀՀԿ ցուցակը գլխավորող, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև: «Շանսերի մասին, երբ խոսում ենք, պետք է ասել հետևյալը' յուրաքանչյուր ուժ պայքարում է հաղթանակի համար: ՕԵԿ-ն իր ծրագրերով պատրաստ է հաղթելու, մենք ունենք լուրջ մրցակիցներ, որոնց հարգում եմ: Կարծում եմ' յուրաքանչյուրը կներկայանա իր ծրագրերով: Հիմնական գնահատականը տալու է ժողովուրդը»,- պատասխանեց պրն Երիցյանը:
Մեր հաջորդ հարցին, եթե ՕԵԿ-ը մասնակցում է ավագանու ընտրություններին, կարելի՞ է ասել, որ կուսակցությունը դժգոհ է ներկայիս քաղաքապետի աշխատանքից: «Ոչ, Տարոն Մարգարյանը իմ ընկերն է, բայց մենք առաջարկում ենք ավելին, առաջարկում ենք մեր ծրագրերը»,- ասաց ԱԻ նախարարը,-փոխանցում է mardik.am-ը:
Թե որոնք են այն ոլորտները, որտեղ Տարոն Մարգարյանը բացթողում ունի, որն էլ ընտրվելու դեպքում շտկելու է Արմեն Երիցյանը, վերջինիս խոսքով' ինքը նման վերլուծություն չի արել, միայն ասաց, որ բոլոր ոլորտների համար իրենք լուծումներ ունեն: «Չկա մի թաղ, որի խնդիրների մասին ես չիմանամ: Յուրաքանչյուր տարածք ունենալու է իր անձնագիրը»,- մանրամասնեց պրն Երիցյանը' հավելելով, որ պետք կառուցել ոչ էլիտար շենքեր քաղաքացիների համար:
Մեր հաջորդ հարցին' ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն իր կուսակիցներին մուրաբա և ջեմ էր բաժանում, այս ընտրություններում ինչ է բաժանելու, զրուցակիցս դա համարեց բամբասանք, ապա ասաց, որ կարծում է' ինքը մեզ վրա ջեմ բաժանողի տպավորություն չի թողել: