Tert.am. Երևանի ավագանու ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը ոչ թե քննադատաբար է վերաբերվում քաղաքային իշխանությունների աշխատաոճին, այլ ասում է այն, ինչ տեսնում է։

«Ես չեմ ուզում ընդդիմադիր կեցվածք ընդունել, կարծում եմ, որ յուրաքանչյուր ղեկավար ինչ թերություն տեսնում է, պետք է դրա մասին բարձրաձայնի։ Հատկապես ինձ բոլորը ճանաչում են, և ես ինչ մտածել եմ, այն էլ ասել եմ, դա եղել է և՛ Ոստիկանությունում, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ իր կարծիքով, եթե գնում ես ազգաբնակչության հետ հանդիպման, մարդիկ էլ պետք է տեսնեն և սովորեն, որ նախարարն էլ կարող է տեսած թերությունների մասին խոսել։

Արմեն Երիցյանը Հանրապետականի փոխարեն չի կարող ասել, բայց ՕԵԿ-ի դեպքում հավատացնում է, որ իրենք իրենց հաջողության շեշտը չեն դրել ցուցակը գլխավորող անձի վրա։

«Ոչ, ոչ, եթե առաջին համարն է, պետք է առաջին համա՞րը ներկայացնի կուսակցության ծրագիրը, դրույթները, և այլն։ Առաջին եռյակն է ներկայացնում, և կարծում եմ, դա ճիշտ մոտեցում է։ Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանին, չգիտեմ, պետք է այդ հարցով դիմեք ՀՀԿ-ին»,- ասաց նա։

Քարոզարշավից հետո, թե ինչպես է ԱԻՆ նախարարը կանխատեսում իր շանսերը, Արմեն Երիցյանը պատասխանեց, ինքը միայն հաղթանակ է ակնկալում։ «Յուրաքանչյուր տղամարդ, եթե մի գործով զբաղվում է, պետք է վստահ լինի, որ ինքը հաղթելու է»,- ասաց նա։

Անդրադառնալով Կոմայգու միասեռականների խնդրին և դրա շուրջ իր առաջարկին՝ նկարահանել նրանց «գցել» YouTube, Արմեն Երիցյանը շարունակեց պնդել, որ Կոմայգու՝ միասեռականների խնդրի լուծման իր առաջարկը շատ իրատեսական է, քանի որ այլանդակությունների հետևից գնացող ամուսինները համացանցում չհայտնվելու պատճառով էլ չեն գնա պահանջարկ ստեղծեն։
«Դա խնդրի լուծումներից մեկն է։ Գիտե՞ք ինչ, վատ բան ես չեմ ասում, եթե նայում ես, տեսնում ես ամուսինդ չկա, ման ես գալիս, կարող ես համացանցում փնտրել, գուցե այնտե՞ղ է։ Կարծում եք լուսավորելը վա՞տ բան է, իհարկե ոչ, տեսախցիկ տեղադրելը վա՞տ բան է՝ ոչ։ Մենք տեղադրում ենք, որ այնտեղ հանցագործություններ տեղի չունենան, լուսավոր լինի Երևանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ «եթե իրոք չլինի պահանջարկ, չի լինի նաև այդ այլանդակությունը»։

«Ով ինչով ուզում է՝ թող զբաղվի, ես չեմ ասում արգելեմ, բայց դրա համար «ցիվիլ մոտեցումներ» կան, թող գնան զբաղվեն իրենց տներում, բայց որ այդ ամենը չանեն մեր այգիներում, մեր երեխաներն էլ են չէ՞ այդտեղ ուզում խաղալ»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։

Հաջորդ լուծումն ըստ նրա՝ այգում հաճախակի լինելն է։ «Այդտեղ մենք պետք է շատ հաճախ գնանք, ես իմ նախարարության աշխատակիցներին էլ եմ հորդորել, որ պետք է Կոմայգի շատ գնալ, որովհետև մենք երեխա ժամանակ այնտեղ շատ ենք ժամանակ անցկացրել և պետք չէ այգին թողնենք, որ ինչ ուզեն անեն»,- նշեց նա։

Վերջում Արմեն Երիցյանը խոստովանեց՝ ափսոսում է, որ քաղաքապետ դառնալուց հետո լքելու է նախարարի պաշտոնը։

«Ես սիրում եմ իմ նախարարությունը, բայց ընտրվելուց հետո, կարծում եմ, որ կլինի նորմալ մարդ, որ ինձանից հետո նույն ոգով կշարունակի։ Անփոխարինելի մարդիկ չկան»,- եզրափակեց նա։