Երեկ՝ ապրիլի 21-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադարձավ այն «մեղադրանքներին», որոնց համաձայն ինքն իր խոսքում շատ է օգտագործում «երևանցի» բառը:
«Չկա մարդ, որ գյուղի արմատներ չունենա: Մենք հարգում ենք բոլորին, բայց, որ եկել և Երևանում ենք ապրում, եկեք երևանցու նամուսն ու թասիբը բարձր պահենք, և դա մենք անելու ենք: Սրանք ամպագորգոռ բառեր չեն, ես ինքս եմ տեսել, թե երևանցին որտեղից ուր է իջել»,- ասաց Արմեն Երիցյանը:
ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն իր խոսքում գնահատեց այն փաստը, որ մեր հանրապետության տարբեր տարածաշրջաններ ներկայացնող մարդիկ կարևոր պաշտոններ են ստանում՝ իրենց արժանավայել պահելով, բայց նաև նկատեց այն, որ նրանց կողքին կան նև իրենց պաշտոնը չարաշահողներ: Արմեն Երիցյանը ընդգծեց, որ նմաններին պետք է պատժել, պետք է ցույց տալ, որ այդպես ճիշտ չէ: «Ես կարգուկանոնը կարևորում եմ»,- ասաց ՕԵԿ թեկնածուն և ավելացրեց, որ մարդուն իրավունքը բնությամբ է տրված:
Արմեն Երիցյանը շեշտեց, որ մեր երկրում անելիքներ շատ կան, քանի որ խնդիրները շատ են: Վերջինս նշեց, որ ազգաբնակչության հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է մի շարք խնդիրների, որոնց մասին տեղյակ չի եղել: «Մեր ծրագրում ներկայացրել ենք տարբեր դրույթներ: Չկա մի այնպիսի խնդիր, որին անդրադարձած չլինենք: Մյուս կուսակցությունները ևս ներկայացրել են իրենց ծրագրերը: Բոլորի ծրագրերը գրեթե նույնն են, բայց կարևորը կյանքի կոչելն է, որ մեր երևանցու մատից փուշը հանենք: Մենք կարող ենք անել ավելին և պետք է դա անենք»,- ասաց նա:
Խոսելով Կենտրոնի խնդիրների մասին' նա նկատեց, որ նոր շենքերը շատ են, բայց կան նաև հին շենքեր, իսկ նման պարագայում առաջնահերթ կարևորություն է ստանում շենքերի սեյսմակայունության հետ կապված խնդիրները լուծելու հարցը: Անդրադառնալով առողջապահության ոլորտին' Երիցյանը նշեց, որ առաջին հերթին պետք է սկսել վերաբերմունքից: «Շատ հաճախ գնում ես բժշկի մոտ, իրեն այնպես է պահում, կարծես ինքը բարձր է, դու' ցածր: Հաճախ է պատահել, որ երբ գնացել եմ բժշկի մոտ, իսկ ինքը չի իմացել, որ նախարար եմ, նույնպես զգացել եմ այդ վերաբերմունքը: Հետևաբար պետք է սկսենք վերաբերմունքից»,- ըստ ՕԵԿ-ի պաշտոնական կայքի հորդորել է Արմեն Երիցյանը:
Արտագաղթի մասին խոսելիս բանախոսն ընդգծեց, որ երիտասարդությունը գործազրկության հետևանքով գնում է արտերկիր' ստրուկի կարգավիճակով աշխատելու, իսկ վատագույն դեպքում տանից են ստիպված լինում գումար ուղարկել, որ գնացածը վերադառնա: «Յուրաքանչյուրն իր կրթության համապատասխան պետք է զբաղվի իր աշխատանքով: Ի՞նչն է պատճառը, որ շատերը իրենց թաղապետերին չեն ճանաչում: Բա՞ չգնան ամիսը մեկ շրջեն, բնակիչների հետ շփվեն: Բա՞ չհավաքվենք, ասենք, էս ի՞նչ եք անում: Մենք եռամսյակը մեկ պետք է հանդիպենք և հաշվետվություն տանք, թե ինչի վրա են ծախսվում բնակիչներից գոյացված գումարները»,- ասաց ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն և ավելացրեց, որ բոլոր ոլորտներում անելիքներ ունեն, բայց դա պետք է արվի միասին: