168.am-ը գրում է. Մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր՝ Նոր Արեշում:
Էրեբունցիների հետ բակային հանդիպման եկել էր միայն ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Իր խոսքը ՕԵԿ թեկնածուն սկսեց՝ անդրադառնալով «Բարև, Երևան» նախընտրական դաշինքին:
«Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն իր ասուլիսներում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Բամբասում են, թե սա այսպես ասվեց, նա՝ այնպես: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք պետք է բռնի, նկարվի՞: Ես այն տղամարդը չեմ, որ ուրիշ տղամարդու ձեռք բռնեմ, նկարվեմ: Երևանում դո մոդայիկ չէ, և էնպես չպետք է անենք, որ մոդայիկ լինի: Մեր բալիկների ձեռքը բռնենք, մեր կանանց ձեռքը բռնենք, նկարվենք»,- ասաց Արմեն Երիցյանը:
Ի գիտություն իր ընդդիմախոսներին, Արմեն Երիցյանն ասաց նաև, որ ինքը դասավանդում է այնտեղ, որտեղ մյուսները սովորում են: «Էնպես չի, որ ես չեմ կարող գեղեցիկ խոսքեր ասել, պարզապես ես խոսում եմ երևանցու լեզվով, էրեբունցու լեզվով: Ես գիտեմ, որ մենք՝էրեբունցիներով, էնպես պետք է անենք, որ քաղաքապետը էրեբունցի լինի»,- ասաց Արմեն Երիցյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/04/26/216279.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք