Slaq.am. ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը mardik.am-ի հետ զրույցում ասաց, թե մի քանի հանդիպումների ընթացքում զգացել է, որ երևանցիները կարծես թե վախեցած են: Վախի մթնոլորտի մասին բարձրաձայնեց անգամ Էրեբունի համայնքի Նուբարաշեն վարչական շրջանի մի բնակիչ: «Ես առաջարկում եմ այդ ճիճուներից չվախենալ, դրանք մարդ չեն, դրանք էս երկրի ու հողի վրա քայլելու իրավունք չունեն»,- ասաց պրն Երիցյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Երիցյանը նուբարաշենցիների հետ հանդիպման ժամանակ կոչ էր արել էրեբունցիներին չկորցնել իրենց կերպարը, էրեբունցիները միշտ փայլել են իրենց դուխով:

ԱԻ նախարարին հիշեցրինք, որ Էրեբունի համայնքում ակտիվ դերակատարություն ունի ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Միգուցե նա է վախեցրել էրեբունցիներին: «Չեմ կարծում: Մհերը պետական մտածելակերպ ունի: Խոսքը լակոտ-լուկուտների մասին է: Շատերը փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ»,- պատասխանեց նա'հավելելով, որ որքան մոտենում են ավագանու ընտրությունները, այնքան վախի մթնոլորտը նկատելի է դառնում:

Արմեն Երիցյանից հետաքրրքվեցինք' ում նկատի ունի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, երբ խոսում է կառավարման համակարգից հոգնած ու հղփացած դեմքերից ազատվելու մասին: Հստակ չպատասխանեց պրն Երիցյանը. «Գիտեք, ես իմ աշխատանքով եմ զբաղված ու ինձ բացարձակ չի հետաքրքրում' ով ինչով է զբաղվում: Հենց դա է մեր վատը, մեր գործը թողած, նայում ենք' ով ինչ է անում»:

Մեր հարցին' հոգնած ու հղփացած դեմքեր կա՞ն ՕԵԿ-ում, ՕԵԿ փոխնախագահի պատասխանը դրական էր: «Ոնց կարող է հոգնած դեմքեր չլինեն բազմահազարանոց կուսակցությունում: Նման մարդիկ լիքը կարող են լինել մեզ մոտ և´ ՀՀԿ-ում, և´ ԲՀԿ-ում, և´ մնացած կուսակցություններում»,- ասաց Արմեն Երիցյանը:

Վարչապետի վերանշանակման և վերջին հինգ տարիների նրա աշխատանքի մասին էլ խոսելիս զրուցակիցս ասաց, որ իր կարծիքով' Տիգրան Սարգսյանը լավ ադմինիստրատոր է, լավ աշխատում է և ինքը որպես քաղաքացի դժգոհություններ չունի նրա աշխատանքից:

Քաղաքապետի թեկնածուին նաև հարցրինք' քաղաքապետ դառնալու դեպքում պատրաստ է հանուն Փակ շուկայի' որպես մշակութային կառույցի պահպանման, վատացնել իր հարաբերությունները Սամվել Ալեքսանյանի հետ: «Ես բոլոր բիզնեսմենների հետ ունեմ միջին (նկատի ունի չեզոք-խմբ.) հարաբերություն: Չեմ մտածում որևէ մեկի հետ լավ հարաբերություն ունենալու մասին: Թող իրենք մտածեն ինձ հետ լավ լինելու մասին»,- եզրափակեց Արմեն Երիցյանը: