«Գյումրիի ընտրություններին մասնակցող ամենաակտիվ և արմատական քաղաքական ուժը մենք ենք, որը երբեք չի դադարել խոսել և երբեք որևէ մեկի կանոններով չի խաղացել, ինչի համար մեզ խոչընդոտում են նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Այստեղ միանշանակ քաղաքական ենթատեքստ կա։ Շուրջ 10 օր մենք Հանրային հեռուստատեսության հետ կապի մեջ ենք, սակայն անընդհատ խոչընդոտներ են ստեղծում, մենք փորձում ենք իրենց նշած խնդիրները վերացնել, բայց այսօր արդեն պատճառաբանում են, թե իբր իմ վերնաշապիկը չի համապատասխանում իրենց ֆորմատին։ Սակայն, ես համապատասխան դրես-կոդով էի։ Սա ցույց է տալիս, որ հերթական անգամ փորձում են մեր քթից բռնած ման տալ, ինչն անհանդուրժելի է, հետևաբար հրաժարվում ենք իրենց ծառայություններից։ Քիչ անց ես կհրապարակեմ իմ վերնաշապիկով լուսանկարը կտեսնեք՝ այն արտառոց որևէ բան ունի՞, թե՞ ոչ։ Ամեն ինչ անում են մեր խոսքը անհասանելի դարձնելու համար»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 17-ին կայանալիք Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը։

Անդրադառնալով հարցին, թե թեկնածուներից ում է գլխավոր հակառակորդ համարում, Պողոսյանը նկատեց՝ այս պահին բոլոր թեկնածուներն էլ խաղում են նույն խաղի կանոններով։ Դիտարկմանը, թե գլխավոր մրցակից չի՞ համարում արդյոք 9 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Բալասանյանին կամ իշխող ուժի թեկնածուին, Պողոսյանն ասաց․ «Ես բացարձակ չեմ համարում, որ այդ ուժերը ֆավորիտ ուժեր են։ Ասեմ՝ ինչու․ կա «Բալասանյան» դաշինք, բայց չկա ցուցակի առաջատար մեկը, որը հանրության կողմից ընդունված է։ Գյումրիում մի հայտնի դեպք կա․ ասում են՝ ում տղեն ես, ասում է՝ Պողոսի փեսեն եմ։ Այսինքն էս մարդիկ իրենց ազգանունով հանդես չեն գալիս, օգտագործում են Բալասանյան ազգանունը, որը մանիպուլյացիա է։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա եթե այն հզոր ուժ լիներ, Հայաստանն այսօր կապիտուլացված և խայտառակ վիճակում չէր լինի։ ՔՊ-ի թեկնածուն ցուցակներում եղած թեկնածուներից ամենաչընդունվածն է, նա անձ է, որից ակնկալիքներ չունեն։ Նա հրաժարվում է բոլոր տեսակի բանավեճերից, որովհետև ասելիք չունեն։ Իրենք ֆավորիտ չեն, կապ չունի, որ փող կամ իշխանությու ն ունեն։ Գյումրին թասիբով քաղաք է և պետք է ընտրի թասիբով մարդկանց»,- ասաց «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։

Խոսելով հնարավոր ընտրակեղծարարությոսւնների մասին' Պողոսյանը նշեց՝ եթե ՔՊ-ն այսպիսի մանրուքների վրա է կենտրոնացել՝ իրենց զրկելով եթերում խոսելու հնարավորությունից, ապա ցանկացած տեսակի ստորության ու գործողության ի վիճակի են, որի վրա չի զարմանում ու կասկածում․ «Բայց մենք թույլ չենք տալու՝ ինչ ուզենան անեն, յուրաքանչյուրի ձեռքը բռնելու ենք»,- եզրափակեց Պողոսյանը։

Նշենք, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: Առաջադրված ուժերն են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Սոնա Հարությունյան