Երևանի Ավագանու ընտրությունները, անկախ նրանից, թե ո՞վ կընտրվի մայրաքաղաքի քաղաքապետ, անվստահության արտահայտություն էին իշխանության կուսակցությանը, որ կասկածի տակ դրեցին Հայաստանի «թավշյա» իշխանությունների «ժողովրդի» աջակցությունն ունենալու առասպելը: Ընդ որում, քվեարկությանն աննախադեպ ցածր մասնակցությունը (մոտ 30 տոկոս) հերթական անգամ ցուցադրեց հասարակական ապտիայի և երկրում տեղի ունեցող գործընթացներից քաղաքացիների օտարվածության բարձր մակարդակը: Ասես՝ չեն եղել արյունահեղ պատերազմը, Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սահմաններ չեն ներխուժել, չկան Սյունիքի, Սևանի և հենց Երևանի նկատմամբ Ալիևի նկրտումներն ու սպառնալիքները: Եթե բիզնես էլիտայի ներկայացուցիչները սպասողական դիրք չընդունեին, այլ՝ համարձակություն և միաբանություն ցուցաբերեին, ապա համոզված եմ, որ շարքային երևանցիներն առավել ակտիվ կգնային ընտրատեղամասեր: Այդ ժամանակ բոլորովին այլ պատկեր կունենայինք:

Ըտրական շեմը հաղթահարած հինգ քաղաքական ուժերից միայն մեկն է, որ ուղիղ կամ անուղղակի կապակցված չէ իշխանության կուսակցությանը, բացահայտ առաջադրում է իշխանափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քաղաքական օրակարգ: Դա «Մայր Հայաստան» դաշինքն է՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ: Թևանյանը, ինչպես նաև Հայկ Մարությանը, քաղաքապետ դառնալու հնարավորություն ունեն, Բայց դրա համար նրանց հարկավոր է կոալիցիա կազմել «Հանրային ձայն»-ի՝ «Դոգ» մականունով մի մարդու կուսակցության հետ: Իրեն հարգող ոչ մի ուժ չի գնա դրան, քանի որ ցանկացած ինքնասիրություն ունեցող ուժ «դոգի» պես կերպարների ձեռքը չի սեղմի: Նույնիսկ, եթե նրան հաջողվել է անցնել ավագանու կազմ:

Այն փաստը, որ Հայաստանի մայրաքաղաքում քվեարկածների մոտ 10 տոկոսը ընտրել են այդ կուսակցությանը, խոսում է հասարակական գիտակցության մեջ լուրջ շեղումների մասին, որոնք այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն են:

Ամեն դեպքում՝ սեպտեմբերի 17-ի ընտրությունները նշանակալի իրադարձություն են: Երևանցիներն իշխանություններին ազդարարեցին կատարվողի նկատմամբ իրենց անհամաձայնության մասին: Հիմա եկել է իշխանությունների մտածելու հերթը՝ որքանո՞վ են պատրաստ հակամարտության մեջ մտնել սեփական ժողովրդի հետ, որի մեջ, չնայած հնգամյա թմբիրին, արթնանում է սեփական արժանապատվության զգացումը և որը պարզորոշ «ոչ» է ասում «Ասե՛ք, կանե՛նք» նշանաբանով ընտրությունների ելած իշխանության կուսակցությանը:

Ժողովուրդն իր խոսքն ասաց: Հերթը իշխանության կուսակցությանն է: