Բուրժուազիան, մանավանդ դրա ազգային տարատեսակը Հայաստանում ստանում է հերթական թարմ շունչն արդեն ընդդիմադիր դաշտում առկա ինդեկատորների միջնորդությամբ, իսկ ահա այդ հասարակարգի դեմոկրատական հեղափոխությունն էլ ինքնաբերաբար կնքում է իր՝ դեռևս տեսական վարկածի մահկանացուն:

Այսինքն՝ այն իրավիճակում, որում հայտնվել է այսօր այդ դասակարգի վառ ներկայացուցիչը, ենթադրում է միայն հասարակարգային ստաբիլիզացմանն ուղղված քայլեր, մասնավորապես՝ ի նկատի ունենալով ԲՀԿ-ի վերաբերմունքը կառավարությանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանին, վարչապետի վերանշանակման նախորդ օրը, ըստ երևույթին, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը հնարավոր էր տրամաբանական երկու սցենար՝ նոր ձևաչափ Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» հետ՝ համագործակցության հեռանկարով, և մյուսը՝ հասարակարգային անկախացման վերջնական դիրքորոշում:

Առաջին դեպքում, իհարկե, ԲՀԿ-ում շատ շատերը՝ Երևանում նոր կառավարման մոտեցումների գործարար ջատագովները, իհարկե, կբավարարվեն նման իրադարձությունների հանգուցալուծմամբ, սակայն՝ միայն Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղի ամրագրումից հետո: Սա դասական մոտեցում է ընտրություններին՝ Հայաստանին հատուկ ներքաղաքական կոլորիտով հանդերձ:

Մյուս կողմից՝ նման ձևաչափը թույլ կտա ստանալ վերջիններիս կողմից անընդհատ քննադատվող կառավարությունում նախարարական պորտֆելներ, որոնց տիրանալու ցանկությունը ԲՀԿ-ին, իհարկե, ոչ միշտ է հաջողվում թաքցնել: Այսինքն՝ կոալիցիա forever-ը դեռևս իր արդիականությունը կարող է չկորցնել նման զարգացման դեպքում:

Իսկ մյուս սցենարում, իհարկե, վերջապես հստակ պայմանավորվածության ուղին կարող է արձակել ԲՀԿ-ի՝ այս տարիների ընթացքում կալանված ձեռքերը, որը, իհարկե, լուրջ հնարավորություն կտա ԲՀԿ-ին հավասարը հավասարի հետ դիմավորել մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները, այսինքն՝ քննարկման արդյունքում տրոհման վերջակետը այս դեպքում երկկողմանի փոխհամաձայնության արդյունք կարող է հանդիսանալ: Ստացվում է, որ եթե 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ժամանակավոր ազատություն էր տվել կաշառք բաժանելու առումով, և որի արդյունքում ԲՀԿ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը, ապա այս անգամ արդեն մի կողմից ազատությունն այլևս իրական է, այսինքն՝ դաբրո ստանալու կարիք այլևս չկա, մյուս կողմից՝ այն սահմանափակումը կաշառքի առումով, որը կար 2012-ին, և որը թույլ էր տալիս միայն երկրորդ տեղը, այժմ նույնպես չկա: Սակայն այս պարագայում, իհարկե, ԲՀԿ-ն՝ որպես ամբողջականություն, ենթարկվում է տրոհվելու վտանգի, որը հիմնավորապես կարող է քայքայել քաղաքական ուժը, որի հիմնական ակտիվը հենց այն՝ ՀՀԿ-ից գաղթած բիզնեսմեններն են, որոնք դեռևս հաստ ու բարակ բազմաթիվ թելերով կապված են նույն իշխող համակարգի հետ. վերջիններս կարող են դառնալ այն հակազդող ուժը, որը անթույլատրելի կդարձնի պրոցեսը:

Սակայն այս ամենից զատ՝ նաև ԲՀԿ-ի համար այս ընտրություններում բազմաթիվ են ֆիլտրային համակարգերը, որոնց միջոցով ԲՀԿ-ն մաքրվում ու մաքրվում է, կամ գոնե փորձում է մաքրվել: Այսինքն՝ եթե տարիներ առաջ 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն էր ՀՀԿ-ի, ու մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի համար տասովչիկությամբ զբաղվում, ապա այս տարի արդեն ԲՀԿ-ն ձեռք է առել սեփական ֆիլտր տասովչիկների առկայության խնդրի լուծումը, որը, իհարկե, թույլ է տալիս վերացնել նախկինում իր ունեցած համբավը՝ կցորդի ու ՀՀԿ-ի մասի առումով, և որդեգրել նոր ընդդիմության համբավ: Սա, իհարկե, որպես այդպիսին կարող է հանդիսանալ խթան երկրորդ տարբերակի համար, սակայն երկրորդ տարբերակի իրականանալիության հավանականությունը, այնուամենայնիվ, մնում է ցածր:

Այսինքն՝ ստացվում է, որ ինչպես տարիներ առաջ էր ԲՀԿ-ն համակերպվում ու նշում ՀՀԿ-ի հաղթանակը, այս տարի նույնպես դատապարտված է այդ ճակատագրին, որի ամենալավ տարբերակը կլինի ավագանու ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնելը, սակայն այս անգամ գոնե առանց ՀՀԿ-ի համար տասովչկությամբ զբաղվելու, ինչը կարող է դառնալ Հայաստանում բուրժուազիայի ազատագրմանն ուղղված լուրջ քայլերից մեկը, այսպիսով ենթադրել գոնե եթե ոչ մոտ, գոնե՝ հեռավոր ապագայում, մասնակի ազատագրում տոտալիտար համակարգից:

Գևորգ Ավետիսյան