«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններից հետո փորձում է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց վերջինս չի ցանկանում:

Գ. Ծառուկյանը ցանկանում է Ս. Սարգսյանի հետ ճշտել հետագա համագործակցության հնարավորությունը, կոալիցիա մտնելու հետ կապված հարցերը, որպեսզի կարողանա քաղաքական դաշտում հստակեցնել իր կուսակցության դերը: Հայտնի է, որ իշխանության վերնախավում այս ընթացքում էլ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցեր քննարկվում են, և այդ դերակատարումը, ինչպես միշտ, ստանձնել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Սակայն այս անգամ Ս. Սարգսյանը կարծես թե այնքան էլ մտահոգ կամ շահագրգիռ չէ ԲՀԿ-ին կոալիցիա վերադարձնելու հարցում: Ավելի շուտ այս անգամ ԲՀԿ-ին կոալիցիա ընդունելու հարցում Ս. Սարգսյանն ավելի ազատ կարող է պայմաններ դնել, քանի որ ընտրություններին առանց այդ կուսակցության աջակցության կարողացավ հաղթել: Իհարկե, հարց է, թե ինչ մեթոդներով հաղթեց, բայց կարողացավ նորից նախագահ դառնալ: Ճիշտ է, ԲՀԿ որոշ անդամներ առանձին շրջաններում աջակցել են Ս. Սարգսյանին, բայց կուսակցությունն ամբողջությամբ, Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, դա չի արել: Նույնիսկ մեկնաբանություններ են հնչում, որ ԲՀԿ-ն ստվերային կերպով աջակցել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս դեպքում նպատակը ոչ թե վերջինիս օգնելն է եղել, այլև Ս. Սարգսյանից ձայներ փախցնելը:

Հիմա, երբ Ս. Սարգսյանը կրկին նախագահ է դարձել՝ առանց Գ. Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցության, իրեն պարտավորված չի զգում այդ կուսակցության հետ կոալիցիա կազմել և նրանց պահանջներին տեղի տալ: Իսկ ԲՀԿ-ն Հ. Աբրահամյանի միջոցով կրկին թարմացնում է իր պահանջները: Եվ «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն կրկին ակնկալում է վարչապետի պաշտոնում նշանակել այնպիսի մարդու, ով ընդունելի կլինի իրենց համար: Արդեն իսկ հասկացել են, որ Հ. Աբրահամյանի համար այդ պաշտոնն այս կյանքում այլևս անհասանելի երազանք է մնացել, քանի որ նա չունի դրա համար բավարար կրթական հնարավորություններ և վստահելի չէ Ս. Սարգսյանի համար, սկսել են շրջանառության մեջ դնել «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի անունը:

Վարչապետի պաշտոնի դեպքում ԲՀԿ-ն պարզապես անձնավորված թիրախ է ընտրել Տիգրան Սարգսյանին և երբեք չի քննադատում Հ. Աբրահամյանին, որն իրեն ՀՀ երկրորդ պաշտոնյան է համարում, կամ նույն Ս. Սարգսյանին: «Կանյաչնիում» երեկ տեղի ունեցած ԲՀԿ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնում, որ առաջիկայում կունենան «ավելի ադեկվատ կառավարություն», որ փոքր ու միջին ձեռներեցությանը նպաստող իրենց օրինագծերը ընդունելի դարձնեն:

Սա ծիծաղելի է հնչում այն պարագայում, երբ ԱԺ-ում նույն ԲՀԿ-ն բազմիցս խոչընդոտել է ստվերային շրջանառության դեմ ուղղված այնպիսի օրինագծերի ընդունումը, որոնք կարող են կրճատել իրենց ղեկավարի ստվերային գերշահույթը: Իսկ ԲՀԿ ղեկավարը,- ողջ հայ ժողովրդին է հայտնի,- իր հարստությունը դիզել է նույն ժողովրդի, փոքր ու միջին բիզնեսի հաշվին: Այնպես որ, այդ ոլորտին օգնելու մասին ԲՀԿ-ի այս տեսանյութը պոպուլիզմի չստացված օրինակ է: Եվ այդ կուսակցությունը դեռևս ձգտում է ձեռք գցել վարչապետի պաշտոնը:

ԲՀԿ-ն նաև պահանջում է իր համար ընդունելի մարդկանց նշանակել ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոններում: Հայտնի է, որ այդ կուսակցության շատ անդամներ ու նրա ղեկավար Գ. Ծառուկյանը օրինականության հետ կապված տարբեր խնդիրներ ունեն: Իսկ վերը նշված գերատեսչությունների ղեկավարները և հատկապես Վլադիմիր Գասպարյանը որևէ կերպ կաշկանդված չեն Գ. Ծառուկյանի հարցում, ինչը չէր կարելի ասել նրա նախորդի՝ Ալիկ Սարգսյանի մասին: Այդ պատճառով էլ հիմա Գ. Ծառուկյանը ինչպես ցանկանում է, որ վարչապետի պաշտոնին իր համար ընդունելի մարդ լինի, նույն ուժգնությամբ էլ ցանկանում է, որ Վ. Գասպարյանը չլինի ոստիկանապետ:

Ասում են նաև, որ ԲՀԿ-ն այս անգամ ցանկանում է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկությունը: Վերջինս, գիտենք, ՀՀԿ այն պաշտոնյաներից է, որը ԲՀԿ-ի հետ հարաբերությունների սրման պարագայում սոցիալական ցանցերով ու հրապարակային հայտարարությամբ քննադատում, անգամ ծաղրի է ենթարկում այդ կուսակցությանն ու նրա ղեկավարին:

Այսքանով հանդերձ, ԲՀԿ-ն միաժամանակ հասկանում է, որ վարչապետի, ԱԱԾ-ի պետի և ոստիկանության պետի պաշտոններում Ս. Սարգսյանը զիջման չի գնա, հակառակ դեպքում իր նախագահությունը վտանգի տակ կհայտնվի: Նույնիսկ Երևանի քաղաքապետի թեկնածության հարցում ԲՀԿ-ին ձեռնտու թեկնածուին՝ Գագիկ Բեգլարյանին չառաջադրեց:

Եվ Գ. Ծառուկյանը սկսել է դիրքորոշումը կոշտացնել: Գ. Ծառուկյանը հանդիպում է Ր. Հովհաննիսյանի հետ, «կանյաչնիում» նիստ է անում ու իր խրոխտ ելույթը նկարահանել է տալիս, որ պտտացնի մամուլով: ԲՀԿ-ն բազմաթիվ անգամներ է նույն «կանյաչնիում» նիստեր արել, սակայն երբեք դրա հետ կապված տեսանյութ չէր հրապարակել: Լավագույն դեպքում որոշ արտահոսք էր արել:

Ենթադրվում է, որ նոր կառավարություն կազմելու կամ հնարավոր կոալիցիա մտնելու շեմին Գ. Ծառուկյանը պարզապես կոշտացնում է դիրքորոշումը իշխանության կերակրատաշտից հնարավորինս մեծ բաժին պոկելու համար: Եվ «կանյաչնիի» երեկվա ներկայացումը դրան էր ուղղված: Հակառակ դեպքում սպառնում է այլընտրանքից դառնալ ընդդիմադիր: