Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի' Ռազմիկ Ս.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 30-ին' ժամը 07:30-ի սահմաններում, Գավառ քաղաքի բնակչուհի Արևիկ Հ.-ին ամուսնության նպատակով առևանգելու համար գնացել է Գավառ քաղաքի Քալաշյան 12 հասցեում գտնվող Արևիկ Հ.-ի բնակարան և նրանից պահանջել դուրս գալ տնից՝ հայտարարելով, որ գնացել է Արևիկ Հ.-ին, նրա կամքին հակառակ իր հետ տանելու, սակայն լսելով Արևիկ Հ.-ի մերժումը, մտել է նրա բնակարանին կից անասնագոմ և այնտեղից վերցնելով մետաղյա խողովակ' բռնություն գործադրելու սպառնալիքով ասել է, որ եթե Արևիկ Հ.-ն իր հետ ինքնակամ չգնա, ապա նրան, նրա կամքին հակառակ կտանի իր հետ, հակառակ դեպքում կսպանի նրան:

Այնուհետև ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու և Արևիկ Հ.-ին բացահայտ առևանգելու նպատակով երկաթյա խողովակով կոտրել է բնակարանի խոհանոցի պատուհանի և մուտքի դռան ապակիները, ոտքով հարվածելով բացել է բնակարանի մուտքի դուռը և Արևիկ Հ.-ի և վերջինիս մոր՝ Արմինե Կ.-ի կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել նրանց բնակարանի միջանցք, իսկ Արևիկ Հ.-ն ու նրա մայրը պաշտպանվելու նպատակով մտել են բնակարանի հյուրասենյակ և փակել դուռը, որի ընթացքում կատարվածի մասին ահազանգել են ոստիկանության Գավառի բաժին: Այդ ժամանակ Ռազմի Ս.-ն, հյուրասենյակի դռանը հարվածելով, փորձել է մուտք գործել բնակարանի հյուրասենյակ, որպեսզի Արևիկ Հ.-ին, նրա կամքին հակառակ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ որ կսպանի, ամուսնության նպատակով բացահայտ առևանգել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Ռազմիկ Ս.-ն չի կարողացել հանցագործոիւթյունը ավարտին հասցնել, քանի որ Արևիկ Հ.-ի ահազանգի հիման վրա նրանց տուն են գնացել ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները և բռնելով Ռազմիկ Ս.-ին՝ բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը' Իրավաբան.net