Կառավարությունը, դատելով Ազգային ժողովում հատուկ՝ հերթական գերարագացված ընթացակարգով օրինագծերի ընդունումից, հերթական անակնկալն է պատրաստում ՀՀ բազմաչարչար քաղաքացիների համար: Իսկ մեր կառավարության սիրած գործը,, ինչպես հայտնի է, ՀՀ բազմաչարչար քաղաքացիներին անակնկալներ մատուցելն է: Այդպես, ՀՀ բազմաչարչար քաղաքացիները 2013-ի ձմռան ցրտաշունչ մի օր արթնացան և պարզեցին, որ Կառավարությունն իրենց համար անակնկալ է պատրաստել՝ 3%-ի բարձրացված շրջանառության հարկի, արտոնագրային վճարների և համանման այլ' դարձյալ հատուկ' գերարագացված ընթացակարգով անցած արտահերթ նստաշրջանում ընդունված օրինագծերի տեսքով:

Անցած տարվա վերջին, երբ արդեն ՀՀ բազմաչարչար պատգամավորների ուղեղի գորշ և սպիտակ բջիջներն աշխատում էին լոկ Նոր տարվա բուդն առնելու կամ Ամանորը նշելու համար դուբայներ չվելու ուղղությամբ, Կառավարությունն էլի հանդես եկավ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ և արձակուրդային տրամադրությամբ շնչող պատգամավորներին «թաղեց» օրինագծերի կույտի մեջ: Նախորդ կույտը ևս այս անգամվա նման ընդունվեց գերարագ տեմպերով, րոպե առաջ կույտից ազատվելու և բաղձալի ազատությունը վայելելու տենչերով: Հետո արդեն, երբ ատամնաբույժները, ռիելթորները, տաքսիստները, շրջանառության 3-տոկոսանոց թալանի վրա նստեցվածները բողոքում ու ցույցեր էին անում, պատգամավորներից շատերը շփոթված զարմանում էին, թե իրենք կարող էին կապ ունենալ նման օրինագծերի հետ:

Կառավարության նախաձեռնած հերթական՝ անպայմանորեն արձակուրդից առաջ կազմակերպվող արտահերթը սկսվեց Վերահսկիչ պալատի՝ ԱԺ նախորդ քառօրյայում ընդհատված հաշվետվությամբ. խիստ պատեհ մի բան պահի արժեքը գիտակցող Կառավարության համար, եթե ավելի օբյեկտիվ վերլուծելու լինենք, սա արդեն ավելի քան հայտնի, տարածված և, այսպես ասած, «վառված» տեխնոլոգիա է. երբ անհրաժեշտ է ինչ-որ բաներ սղացնել կամ ինչ-որ բանից ուշադրությունը շեղել, կազմակերպվում է բոլորին գրավող, ուշադրություն կլանող թամաշա:

Վերահսկիչի թամաշան իրեն արդարացրեց ինչպես հարկն է. արտահերթի երկու օրը բաժին ընկավ օրակարգի հենց այս հատվածին, որին հաջորդեց մյուս' էլ ավելի մեծ թամաշան: Գեներալներն օրինագիծ էին հեղինակել, այն էլ' երկրապահի մասին, մի բան, որին անգամ ընդդիմադիրները ռիսկ չէին անում մի բառ ասել: Սա ևս արդարացրեց բոլոր սպասելիքները. քննարկումը գրավեց երկրորդ օրվա երկրորդ կեսը, անցավ խիստ էմոցիոնալ, ոգևորված մթնոլորտում: Հաջորդեց հաջորդ թամաշան' Ռուբեն Վարդանյանի' Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տալուն վերաբերող օրինագիծը, որը շարունակվեց նաև երեկ՝ արտահերթի երրորդ օրը, որից հետո էլ սկսվեց այն, ինչ երևի թե հենց պետք էր հայրենի կառավարությանը:

Գործադիրի անդամներն արագ քայլքով մտնում էին նիստերի դահլիճ, մի երկու նախադասություն արտաբերում իրենց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, աշխատանքից ու դահլիճում տիրող տոթից խոնջացած, անգամ ճանճերին քշել ալարող պատգամավորներն ալարում էին հարց տալ, ուր մնաց թե ելույթ ունենային, օրինագիծ քրքրեին, գլուխ ջարդեին, թե որ օրինագծի մեջ ինչ կարող էր թաքնված լինել… Մի խոսքով, իրենց պահեցին այնպես, ինչպես և նախատեսվում էր, որից հետո երկու անգամ մասնակցեցին անհրաժեշտ քվեարկության: Ի դեպ, երկրորդ քվեարկությունը տևեց երևի մի քսան րոպե. այնքան, որ երևի խեղճ պատգամավորների մատիկներն էլ շարքից դուրս եկան այդքան կոճակ սեղմելուց:

Կառավարությունը պատգամավորներին էր հրամցրել քսանից ավելի օրենսդրական փոփոխություն:

Թե այս՝ հերթական անգամ, ՀՀ բազմաչարչար քաղաքացիներին ինչ անակնկալներ են սպասում, ինչերի հետ ենք բախվելու առաջիկայում, կերևա օրինագծերն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Լուսինե Կեսոյան