Lragir.am. Հայաստանի գազային պատմությունում անհրաժեշտ է հստակություն մտցնել եւ տնտեսությունն առանձնանցել քաղաքականությունից: Թերեւս, հենց դրան է ձգտում Իրանը, որը վերջին շաբաթվա ընթացքում հետեւողականորեն տեղեկատվական դաշտ է լցնում նոր թվեր, որոնք վերաբերում են Հայաստան մատակարարվող գազի գնին ու ծավալին:
Դա անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի կամ Ռուսաստանի կողմից որոշ թվեր հրապարակելուն, որոնք այժմ առեւտրային գաղտնիք են համարվում: Մասնավորապես, Հայաստանի համար ռուսական գազի գնագոյացումը, գինը, որով Հայռուսգազարդը գազ է գնում Իրանից Հայաստանի սահմանին, եւ շատ այլ բաներ:
Դատելով արդեն հրապարակված տեղեկություններից՝ եւ Իրանը, եւ Ռուսաստանը Հայաստանին գազ են վաճառում համեմատաբար ոչ բարձր գներով մինչեւ Հայաստանի սահման: Գները սկսում են անհասկանալի կերպով աճել Հայաստանում, սահմանից այս կողմ, որտեղ գազաբաշխիչ ցանցը պատկանում է Հայռուսգազարդին: Գնագոյացման սկզբունքներն էլ առեւտրային գաղտնիք են. ոչ ոք չգիտի, թե ինչի համար է ընկերությունը բարձր մարժա սահմանում, որքան է այն կազմում եւ ուր են գնում եկամուտները:
Այժմ Գազպրոմը փորձում է Հայաստանի կառավարությունից ստանալ Հայռուսգազարդի բաժնետոմսերի վերջին 20 %-ը: Թերեւս, ամենաշատը դա է նյարդայնացնում Իրանին, որն արդեն բաց խոսում է այն մասին, որ Երեւանը չի կատարում գազի գնման ծավալների վերաբերյալ պայմանավորվածությունները: Բացի այդ, Իրանին նյարդայնացնում է այն, որ Հայաստանին մատակարարվող գազը ենթարկվում է գնային ու ծավալային մանիպուլյացիաների:
Հայաստանում պնդում են, որ Իրանից քիչ գազ են գնում, որովհետեւ էլեկտրալարեր չկան գազի գնի դիմաց էլեկտրաէներգիայով վճարելու համար: Երեկ որոշում է ընդունվել էլեկտրագծերի անցկացումը հարկային ու մաքսային տուրքերից ազատելու մասին: Երեւի ցանկանում են Իրանին ցույց տալ, որ Հայաստանը մտադիր է մեծացնել գազի գնման ծավալները:
Փաստորեն, տնտեսական տեղեկություններ տալով՝ Իրանը փորձում է փոխել քաղաքականությունը: Իրանը կոչ է անում Հայաստանին հրաժարվել Գազպրոմի ծառայությունների գոնե մի մասից եւ էժան գազ գնել Իրանից: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի դատարանը որոշել է չեղյալ անել իրանական Մելլաթ բանկի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այսինքն, օգտվելով պատժամիջոցների թուլացումից՝ Իրանը կոչ է անում Հայաստանին կատարել 2004 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ավելի շատ գազ գնելով Իրանից՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է ոչ միայն էներգետիկան, այլ նաեւ քաղաքականությունը: Սակայն դրա համար Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն Ռուսաստանին չտալ Հայռուսգազարդի վերջին 20 %-ը, այլ հայտարարել գազաբաշխիչ ցանցերի ազգայնացման մասին:
Այո, դա սկանդալ կառաջացնի, Ռուսաստանը կարող է հայտարարել Ադրբեջանին եւս 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Սակայն Ռուսաստանին իրանական գազի իրավունքների փոխանցումը կարող է սկանդալ առաջացնել Իրանի հետ հարաբերություններում:
Այժմ Իրանն այլ նախագահ ունի, եւ նա կարող է հարցնել, թե ինչպես են առաջ գնում գործերը Հայաստանի հետ: Վաղն էլ կարող են նոր տեղեկություններ հայտնվել այն մասին, թե ինչպես է Հայռուսգազարդն օգտագործում իրանական գազն իր հայեցողությամբ, կամ էլ ինչպես են հայ պաշտոնյաներն անվճար տաքացնում իրենց լողավազանների ջուրը, ինչի մասին, ի դեպ, արդեն խոսել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Հայաստանն, իհարկե, կարող է մի կողմ քաշվել եւ հետեւել, թե ինչպես է Իրանը պայքարում Գազպրոմի դեմ, սակայն հազիվ թե ներկայիս դրությունում հնարավոր լինի ջրից չոր դուրս գալ: 

Նաիրա Հայրումյան