Ուրալում քրեական գործ է հարուցվել անչափահաս աղջկա ինքնասպանության փաստով, ում հայտնաբերել են գետի վրայով անցնող կամուրջից կախված: Մահից առաջ աղջիկը բռնաբարված է եղել: Նրա վրա հարձակվել են դպրոցական բարեկամուհու ավարտական տոնակատարության երեկույթից վերադառնալու ճանապարհին:

17-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Սիսերտսկի շրջանի գյուղերից մեկում, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի վարչության պաշտոնական կայքը:

Տուժածը կախվել է սեփական ջինսով:

ՌԴ քրեական օրենսգրքի «անչափահասի բռնաբարություն», «անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնարարքներ» և «մինչև ինքնասպանության հասցնելը» հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

«Գործով իրականացվում են հանցագործության բոլոր հանգամանքները պարզաբանելուն ուղղված համալիր քննչական միջոցառումներ: Ընթանում են բռնաբարողին բացահայտելու աշխատանքներ»,- հաղորդել են իրավապահաները:

Ըստ ոստիկանության տվյալների, զոհված աղջիկը Չելյաբինսկի մարզից էր: Նա այնտեղ ապրում էր տատիկի հետ, իսկ Սվերդլովսկի մարզի այդ գյուղ էր եկել մորը տեսակցելու նպատակով: Պարզվել է նաև, որ աղջիկն իր բարեկամուհու ավարտական երեկույթից հեռացել է միայնակ:

Ըստ «interfax» լրատվական գործակալության աղջկան բռնաբարել են տուն գնալու ճանապարհին: