Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցուցարարները գրավել են երկրի իշխող «Մուսուլման եղբայրներ» կուսակցության կենտրոնական գրասենյակը: Շինությունը սկզբում այրել են, իսկ այնուհետ' անկարգություններ սկսել ներսում. գրում է Agence France-Presse-ը' հղում կատարելով ականատեսների վկայությանը:
Գրասենյակում գրոհի ժամանակ կուսակցության անդամներ չեն եղել, քանի որ հուլիսի 1-ի առավոտյան բոլորը տարհանվել էին: Ականատեսները պատմում են, որ շենքից դուրս է բերվում կահույքը, իսկ ներսում գտնվող իրերը խռովարարները պատուհանից դուրս են նետում:
Reuters գործակալության տվյալներով' շենքը գրոհելու ժամանակ զոհվել է 5 մարդ: Բացի այդ, 100 հոգի էլ վիրավորվել է:
«Մուսուլման եղբայրներ»-ի գրասենյակի առջև բողոքի ցույցերը շարունակվում էին հունիսի 30-ից: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Մուրսիի հրաժարականը: