Այսօր առավոտից ՀՀ գրեթե բոլոր բանկերում մեծ քանակությամբ հերթեր են գոյացել: Irakan.info-ին են դիմել մի շարք քաղաքացիներ, ովքեր ժամեր շարունակ չեն կարողացել բանկերում մուծումներ կատարել' հսկայական հերթերի պատճառով: Այսպես'ժամը 12:00-ի գրանցված հերթի համարը հասել է մոտ ժամը 16:00-ին: Այս ընթացքում մարդիկ սկսել են իրար հրմշտել և վիրավորել:

Irakan.info-ի թղթակիցը «Կոնվերս» բանկի Արարատյան մասնաճյուղից հաղորդում է, որ այս պահին հերթի տակ գրանցված է 100 հոգուց ավելի մարդ, շատերը էլ սպասելուց հոգնել և տուն են գնացել:

Մարդկանց դժգոհությունը, սակայն, բանկի տնօրինությունը չի ընդունում' ասելով. «Գնացեք ձեր վարչապետին բողոքեք, ով երկուշաբթի օրերը մեռելոց է նշանակել, ինչի արդյունքում ոչ աշխատանքային օրերից հետո նման կուտակումներ են լինում: Մենք ինչ մեղք ունենք, գնացեք կառավարության մոտ բողոքեք»:

Բանկի աշխատակիցներից մեկը Irakan.info-ի լրագրողին հայտնել է, որ բանկի աշխատակիցներն անգամ չեն կարողացել ընդմիջման գնալ, սոված-ծարավ ժամը 09:00-ից սպասարկում են մարդկանց:

Տնօրինությունը հավաստիացրել է, որ այսօր մարդկանց կսպասարկեն այնքան ժամանակ, մինչև հերթը կավարտվի:

Հավելենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ՀՀ կառավարությունի պահանջել են դադարեցնել մեռելոցների համար նախատեսված երկուշաբթի օրերը և չեղյալ հայտարարել ՀՀ կառավարության 13.12.2012թ. թիվ 1558-Ն որոշումը: