Արմավիրի մարզի Գայի գյուղի բանկչուհի Մարինե Նահապետյանի հեռախոսազանգը Henaran.am-ի խմբագրություն հուսահատված մարդու վերջին ճիգ էր հիշեցնում: 33-ամյա Մարինեն 5 երեխաների մայր է ու այս պահին ոչ մի կերպ չի կարողանում հաց հայթհայթել իր երեխաների համար: Պարզվում է, որ վերջերս տարած ծանր վիրահատությունից հետո երիտասարդ կինը դեռ չի կարողանում ծանր աշխատանք կատարել. մինչ այդ նա մաքրել է հարևանների դրսի զուգարանները, կատարել է ամեն կարգի ծանր աշխատանքներ' սկսած դաշտային գործերից մինչև տնային աշխատանքներ:Ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից է՝ հաշմանդամ:

"Կարկուտը դրածս բոստանը ավիրեց, Դավիթը երեխեքիս հացից զրկեց: Փարոսս կտրելա, ասում ա' չի հասնում քեզ: Ինձ չի հասնում, ո՞ւմ ա հասնում: 80 հազար դրամ մաղարիչ ա ուզում երեխեքիս հացի փողը վերականգնելու համար",-պատմեց Մարինե Նահապետյանը:

Մարինեի հավաստմամբ' Դավիթը, ում ազգանունն անգամ ինքը չգիտի, իրենց գյուղի "Փարոսի" տեսուչն է: Բազմազավակության համար սահմանված նպաստը կտրել են' մատնանշելով, որ Մարինեի երեխաներից 2-ը ժամանակավորապես տեղափոխվել են Ռուսաստանի դաշնություն վերջինիս ծնողների մոտ."Վիճակս ծանր էր, պահող չկար, մերոնք տարան, ինչա' էս երեքն էլ պիտի սովից մեռնեն",-բացատրեց Մարինեն' հավելելով, որ տարիներ առաջ իրեն մեծ գումար են առաջարկել տղաներից մեկին վաճառելու դիմաց."Ես սոված երեխա եմ պահել, բայց չեմ ծախել, ասեք' հիմա ի՞նչ անեմ":

Մարինե Նահապետյանը զանգել է "Թեժ գիծ" ծառայությանը, վերջիններս պատասխանել են, որ կգան, կնկարահանեն իրավիճակը և կօգնեն, սակայն մի քանի օր է անցել, ու արձագանք չկա:

"Աղաչում եմ' օգնեք, վերջին հույսս դուք եք /հեղ. նկատի ունի Henaran.am-ը/, փրկեք էրեխեքիս էս վիճակից",-լացակումած խնդրում էր երիտասարդ մայրը:

Մարինե Նահապետյանը Henaran.am-ի միջոցով ցանկանում է իր ձայնը հասցնել պատկան մարմիններին, որոնց դիմելու այլ տարբերակ չի գտնում: