Դժբախտ պատահարն ամենուրեք է որակվում որպես դժբախտ, առավել ևս, երբ մարդկային զոհերով է ուղեկցվում այն՝ չհարցնելով ո՛չ ազգային, ո՛չ ռասայական ու ո՛չ էլ կրոնական կամ այլ պատկանելություն:

«Россия» հեռուստաալիք» պետական հեռուստաընկերության» «Вести» հաղորդման՝ 2013 թ. հուլիսի 16-ի թողարկման ժամանակ եթեր հեռարձակվեց «Вести»-ի թղթակից ռուս լրագրող Օլգա Սկաբեևայի ռեպորտաժը, որում լուսաբանվում էր հուլիսի 13-ին Մոսկվայի Պոդոլսկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարը, ինչի հետևանքով զոհվեց 18 մարդ, և վիրավորվեցին մի քանի տասնյակ ուղևորներ, իսկ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար առաջադրվեց մեղադրանք:

Բացի նրանից, որ եթերում առկա էին մարդու արժանապատվությունը ստորացնող նվաստացուցիչ տեսակադրեր, ի մասնավորի՝ Հարությունյանին կանացի խալաթով ներկայացնելը, ռեպորտաժի ամբողջ ժամանակահատվածում Սկաբեևայի կողմից իրադարձության ընթացքի մեկնաբանումն ուղեկցվում էր բարոյական բոլոր նորմերը խախտող լրագրողի անթաքույց ագրեսիվ տոնով ու ցինիկ մեկնաբանություններով: Եթե փորձենք գնահատական տալ վերջինիս, ապա այն կարելի է բնորոշել որպես ոչ այլ ինչ, քան ակնհայտ հակահայկական քարոզ, որը հանրային գիտակցության մեջ առանց այդ էլ առկա ազգամիջյան խնդրահարույց հարաբերություններում հասարակական տրամադրությունների մակարդակով ավելացրեց ևս մեկ խնդիր:

Նկատի առնելով վերոգրյալը՝ «Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հուլիսի 22-ին պաշտոնական նամակով դիմել է «Россия» հեռուստաալիք» պետական հեռուստաընկերության» գլխավոր տնօրեն Անտոն Զլատոպոլսկիին՝ խնդրելով և պահանջելով վերլուծել նշյալ ռեպորտաժն ու մասնագիտական, ինչպես նաև բարոյաէթիկական գնահատական տալ լրագրող Օլգա Սկաբեևայի գործողությունների առնչությամբ: Ի հավելումն ասվածի, նշենք, որ նամակը Անտոն Զլատոպոլսկիին ուղարկվել է և՛ փոստով, և՛ էլեկտրոնային հասցեով:

Հարգանքներով,

«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ հասարակայնության հետ կապերի վարչություն