Tert.am - Արդեն երեք օր է՝ Վանաձորում շարունակվում է ազատամարտիկների նստացույցը: Ինչպես հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, նրանք Վանաձորի Հայքի հրապարակը չեն լքում նաև գիշերը:

Ազատամարտիկները տեղեկացրել են, որ այս օրերի ընթացքում իրենց են այցելել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Նրանց գրանցամատյանում գրառումներ են կատարում հասարակ քաղաքացիներն ու անցորդները, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ազատամարտիկների նախաձեռնած գործին և գրանցամատյանում թողնում են իրենց հեռախոսահամարները՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում միանալ նրանց:

Ազատամարտիկները պնդում են, որ չեն պատրաստվում դադարեցնել նստացույցը՝ մինչև որ չբավարարվեն իրենց պահանջները: Սեյրան Օհանյանին ազատամարտիկների խորհրդի կողմից ուղարկվել է պահանջ-առաջարկ, բացի այդ կամավորական ազատամարտիկներն իրենց պահանջները ներկայացրել են նաև ՀՀ կառավարությանը: Դրանք ներառում են մի շարք՝ հիմնականում սոցիալական բովանդակություն ունեցող խնդիրներ: