Aravot.am - Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ Արեւմուտքն է Հայաստանի առջեւ պայման, ընտրության հարց դնում

- Պարոն Քոչարյան, առաջիկա աշնանը ի՞նչ մարտահրավերների առջեւ կարող է կանգնել Հայաստանը:

- Կարծում եմ՝ արտաքին մարտահրավերներ կլինեն՝ կապված ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Մաքսային միության, այսինքն՝ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, ինչպես նաեւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված, նկատելի է, որ թե՛ շփման գծում կա ակտիվություն, վերջին պրովոկացիան՝ հայ զինվորի հետ կապված, թե՛ այնտեղից հնչող պաշտոնական հայտարարություններում, գնահատականներում: Այսինքն՝ առավելապես այսպիսի գործընթացներով է արտահայտվելու այդ թեժությունը, քան ներքաղաքական պայքարով:

- Կարծում եք՝ Արեւմուտք-Ռուսաստան ընտրության հարցը ավելի՞ կսրվի առաջիկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մաքսային միության ապագայի հետ կապված գոնե այս պահին շատ բան կախված է առավելապես Ուկրաինայի որոշումից, քան Հայաստանից:

- Ուկրաինայի պարագան այլ է՝ բոլոր առումներով, տարբերությունները բավական շատ են, օրինակ՝ համաձայնագրի կետերի առումով, որովհետեւ Ուկրաինան չունի Ղարաբաղի խնդիր: Ուկրաինան ավելի ինքնաբավ երկիր է, քան Հայաստանը, ռեսուրսներով ավելի հարուստ պետություն է: Ամենակարեւորը՝ Ուկրաինան գնում է Ասոցացման համաձայնագրի ստորագրման, մենք՝ նախաստորագրման: Այլ խնդիր է, այո, համաձայն եմ, որ եթե Ուկրաինան չստորագրի այդ համաձայնագիրը, Եվրոպային մնացածը ավելի քիչ են հետաքրքրում, այդ թվում նաեւ՝ մենք: Մամուլում եղել են հրապարակումներ՝ «կամ-կամ»-ի ու «եւ-եւ»-ի հետ կապված, եւ ոչ միայն մամուլում, եթե չեմ սխալվում՝ Քիշնեւում ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում կարծես ակնարկեց, որ «կամ-կամ»-ը անընդունելի է, երբ նշեց, որ Արեւելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ, եւ այդ գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը: («Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, այն ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը փակ մնա: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»,- նշել էր Ս. Սարգսյանը): Եթե Արեւմուտքը դրեց «կամ-կամ»-ի խնդիր, կարծում եմ՝ խնդիրներ կլինեն:

Մանրամասները՝ այստեղ: