PanARMENIAN.Net   ԱՄՆ և Իսրայելի հետախուզական ծառայությունները գրանցել են Սիրիայում քիմիական զինամթերքի ու թունավոր նյութերի տեղաշարժը մի քանի խոշոր պահեստարաններից մի քանի տասնյակ փոքր պահեստարաններ: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, այժմ նման պահեստների քանակը հասնում է մոտ 50-ի:

 

Ըստ այդ տվյալների, սիրիական Ստորաբաժանում-450-ը, որը պատասխանատու է քիմիական զենքի համար, սկսել է ապակենտրոնացնել թունավոր նյութերի պաշարները մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ն սկսեց պատրաստվել հարվածներին, որոնց նշանակետը կառավարական օբյեկտներն են:

 

Վաշինգտոնում ծրագրված գործողության գլխավոր խնդիրը «քիմիական զենք կիրառելու սիրիական բանակի հնարավորությունների նվազեցումն է»:

 


Հետախույզները գտնում են, որ գիտեն քիմիական զենքի պահպանման վայրերի մեծ մասը, սակայն, նրանց կարծիքով, ապակենտրոնացման արդյունքում դիտարկման դաշտից դուրս են մնացել թույներն ու դրանց տեղափոխման միջոցները: Ըստ ԱՄՆ իշխանությունների տեղեկատվության, Դամասկոսն ունի մարտական թունավոր նյութերի առնվազն հազարավոր տոննաներ, հայտնում է Lenta.ru-ն:

 


Սիրիական քիմիական զենքի ու տեղափոխման միջոցներին հետևելու համար ԱՄՆ-ն օգտագործում է արբանյակները: Սակայն, տիեզերքից արված լուսանկարներից միշտ չէ, որ հասկացվում է, թե հատկապես ինչ է գտնվում Ստորաբաժանում-450-ի բեռնատարներում, որոնք տեղաշարժվում են ամբողջ երկրով մեկ: Այդ պատճառով ամերիկացիները խոստովանում են, որ ավելի քիչ գիտեն քիմիական զենքի մասին, քան մի քանի ամիս առաջ, երբ ամբողջ քանակը պահվում էր երկու խոշոր պահեստներում Սիրիայի արևմուտքում:

 


Ստորաբաժանում-450-ը ամենագաղտնիներից մեկն է համարվում Սիրիայում: Այն ենթարկվում է անմիջապես երկրի ղեկավարությանը, իսկ բոլոր ծառայողները ալևիներ են՝ Բաշար Ասադի հավատակիցները:

 


Սիրիան դառնում է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի լիիրավ անդամ, հինգշաբթի օրը հայտարարել է այդ երկրի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հաստատել է, որ երկրի ղեկավարությունը համապատասխան նամակներ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: «Իրավաբանական տեսակետից, այսօրվանից ի վեր, Սիրիան դառնում է կոնվենցիայի լիիրավ անդամ»,- մեջբերում է RIA-Novosti-ն: Նամակի տեքստում, մասնավորապես, ասվում է, որ Սիրիան համաձայն է պահպանել կոնվենցիայի դրույթները, մինչ այն կսկսի գործել այդ երկրի դեպքում:

 


Ինչպես պարզաբանել է Ջաֆարին, կոնվենցիային միանալու ժամկետը կքննարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ: