168.am Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Այս մասին ԵՊՀ-ում ուսանողների և դասախոսապրոֆեսորական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Մաքսային միությանը անդամակցելու մտադրության վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը:

 

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը՝ այն հակամարտությունները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որոշման կայացման հարցում հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր է, ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում և ՀԱՊԿ անդամ է:

 

«Մեր ռազմավարական գործընկերը մեզ աջակցում է ժամանակակից զինտեխնիկայի ձեռքբերման հարցում»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ Մաքսային միության անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի նաև ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը: