Սեպտեմբերի 17-ին ազատ է արձակվել ԱՄՆ-ում ազատազրկման դատապարտված «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (Պզո): Նյու Յորքի Դաշնային դատարանն «օրենքով գող» Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման:

 

Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո' 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր էր ճանաչել դրամաշորթության մեջ, որը Կալիֆոռնիայի պատմության մեջ մինչեւ հիմա կատարված նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է:

 

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանին ազատ արձակելուց բառացիորեն ժամեր անց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերժեց ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, որը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետի' «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի' «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Ընդ որում, ամբողջ դատավարության ընթացքում այս գործը այնպես խայտառակ կերպով տապալվեց, որ մեղադրող կողմը բացի մի քանի անիմաստ հնչյուններից՝ չի կարողանում արտաբերել Տիգրանին անազատության մեջ պահելու որևէ տրամաբանական փաստարկ:

 

Կարող է հարց ծագել՝ ինչ կապ ունի Պզոյի դատավարությունը Տիգրանի՝ անազատության մեջ գտնվելու փաստի հետ: Մակերեսային վերլուծությունն անգամ տխուր եզրահանգումների է բերում:

 

Ուշադրություն դարձրեք, ԱՄՆ-ում մեր հայրենակիցը, որը մեղադրվում էր դարի կողոպուտը կազմակերպելու մեջ, ավելի քիչ է մնում անազատության մեջ, քան Տիգրան Առաքելյանը, որին այդ պահին հրապարակից մեկուսացնելու համար շինծու մեղադրանքով բանտ նետեցին: ԱՄՆ-ի նման երկրում հասկանում են մարդու և նրա ազատության արժեքը, մեղմ են վերաբերվում անգամ այն դեպքում, երբ Ղազարյանին էր վերագրվում անգամ դարի ամենախոշոր կողոպուտը, իսկ Հայաստանում մարդուն շարունակում են զնդանի տակ պահել, որովհետև համարձակվել է մի փոքր այլ կերպ մտածել, քան իշխանությունները: Որովհետև մեր երկրում մարդը և նրա ազատությունը արժեքներ չեն: Մեր երկրում քաղաքացին պարզապես պետության մեջ պարտադիր քանակ ապահովող շնչող արարած է...

 

Այսքանից հետո գոնե խիղճ և ամոթ ունեցեք...


Եթե դա դեռևս հնարավոր է...

 

Վարուժան Բաբաջանյան