168.am Սեպտեմբերի 15-ին Vatican Insider-ում հրապարակվել է Մարկո Տոզատիի «Հնարավոր է՝ Եգիպտոսը ճանաչի հայ քրիստոնյաների ցեղասպանությունը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Մուրսիի գահընկեցությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ մուսուլմանական առաջին երկիրն աշխարհում, ով կճանաչի 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության սահմաններում թուրքական կառավարության սկսած ցեղասպանությունը:
Այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ եգիպտացի փաստաբան, Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի տնօրեն Մուհամմադ Սաադ Խայրալլահի աննախադեպ քայլից հետո, ով իրավական հայց է ներկայացրել տվյալ հարցով: Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ այդ գործընթացի լսումները Կահիրեի դատարանում մեկնարկելու են 2013 թվականի նոյեմբերի 5-ին: Այդ մասին հայտարարվել է հեռուստաբանավեճերի ժամանակ, որոնց հետևել են եգիպտացի միլիոնավոր հեռուստադիտողներ: Եգիպտոսի՝ ոչ վաղ անցյալի ներքաղաքական իրադարձությունները ոչ վերջին դերը խաղացին այդ գործընթացի կազմակերպման մեջ:
«Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուրսիի գահընկեցությունից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սուր քննադատության ենթարկեց զինվորականների աջակցությունը վայելող նոր ժամանակավոր կառավարության հետ և արտահայտվեց իր իսլամական ընկեր Մուրսիի վերադառնալու օգտին: Էրդողանի կառավարությունը դուր է եկել եգիպտական հասարակության ոչ բոլոր անդամներին, ինչը կարելի է տեսնել՝ ելնելով երկու երկրների միջև վաղեմի լարված հարաբերություններից (Եգիպտոսի նախկին (1981-2011) նախագահ Հոսնի Մուբարաքը համակրանք չէր տածում Թուրքիայի նկատմամբ՝ վերջինիս դիտարկելով որպես մրցակից իսլամական աշխարհում – 168.am):
Եգիպտական թերթերում հայտնվեցին հակաթուրքական ուղղվածության բազմաթիվ ռեպորտաժներ ու մեկնաբանություններ: Այստեղ էլ ի հայտ եկավ Հայոց ցեղասպանության խնդիրը, որի եղելությունը ցայժմ հերքվում է Անկարայի կառավարության կողմից՝ չնայած բազմաթիվ պատմաբանների կարծիքին: Թերթերում հրապարակվեցին նյութեր, որոնցում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչեր էին պարունակվում Եգիպտոսի նոր կառավարությանը: Ի հայտ եկան նաև առաջարկներ՝ կապված Կահիրեում ցեղասպանության զոհերի հուշարձան կառուցելու հետ:
Որոշակի գնահատականներով՝ նրանց քանակը կազմում է մոտ 1.5 միլիոն մարդ: Կառավարությանն առաջարկվել է դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի Թուրքիային հարկադրեն փոխհատուցում վճարել ցեղասպանության զոհերի սերունդներին: Այդ թեման քննարկվել է Եգիպտոսում հանրաճանաչ As-Sura al Kamiila (Ամբողջական լուսանկար), որը վարում է Լիլիան Դաոուդը: Այդ թոք-շոուին մասնակցել է փաստաբան Խայրալլահը և Կահիրեի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Այման Սալաման: Սալաման հանրությանն իրազեկել է, որ 1919 թվականին Թուրքիայի ռազմական տրիբունալը դատել է մի շարք հանցագործների, որոնք պատասխանատու էին Հայոց ցեղասպանության համար: 17 մարդ ճանաչվեց մեղավոր, և երեքը կախաղան բարձրացվեցին:
Սալաման հիշեցրել է, որ 1915 թվականին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հրապարակեցին համատեղ փաստաթուղթ, որում վստահեցրել են, որ թուրք ղեկավարները պատասխանատվություն են կրում սպանդի ու «մարդկության ու քաղաքակրթության դեմ իրականացրած հանցանքների» համար: Փաստաբան Խայրալլահը հայտարարել է, որ Եգիպտոսը պետք է վաղուց բարձրացներ Հայոց ցեղասպանության հարցը և քաղաքական գնահատական տար դրան: Նա հույս է հայտնել, որ Կահիրեի դատարանում իր օրինական հայցը Եգիպտոսը կվերածի «Մերձավոր Արևելքի ամենամեծ սուննի երկրի», արաբական մյուս երկրների համար կդարձնի օրինակելի երկիր՝ Հայոց ցեղասպանության եղելության ճանաչման համար: Ցայժմ միայն Լիբանանն է արել նման քայլ»: