168.am Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպվել էր Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Եվրասիական նախագիծ` Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հանրային երկխոսությունը» թեմայով: Անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության տնտեսական կողմին, Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը կարծիք հայտնեց, թե Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4-4,5 տոկոսով՝ մի քանի գործոնների հաշվին:

 

Ըստ նրա, Ռուսաստանը կհրաժարվի Հայաստան ներմուծվող գազի արտահանման տուրքերից, ինչից Հայաստանը շուրջ 140 մլն ԱՄՆ դոլլար տնտեսական օգուտ կստանա: Հետո նա խոսեց Հայաստանից թանկարժեք քարերի և հումքի արտահանումից ակնկալվող շահույթների մասին, ինչպես նաև նշեց, թե Ռուսաստանում ապրող հայ ներգաղթյալների' Հայաստան ուղարկվող գումարները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15 տոկոսը տոկոսը:

 

Անդրադարձ կատարվեց նաև Հյուսիս-Հարավ ճանապարհին, ինչպես նաև Ռուսաստան-Աբխազիա-Վրաստան փակված երկաթուղուն: Հեռուստակամուրջի մասնակիցները նշեցին, թե դրա բացվելու դեպքում գործնականում կլուծվի Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների միջև ընդհանուր սահման չլինելու հարցը, սակայն այդպես էլ չնշեցին, թե, ի վերջո, երբ է բացվելու աբխազական երկաթուղին:

 

«Ռուսաստանը շահագրգրված է Հայաստանի միջոցով դեպի Մերձավոր Արևելք և Հարավային Ասիա միջանցիկ ճանապարհ ունենալու մեջ»,- նշեց Վինոկուրովը: Սակայն ավելի ուշագրավ էր այն, թե ինչպես էին ռուսաստանցի տնտեսագետներն ու քաղաքագետները գնահատում հարցի հասարակական և քաղաքական կողմը, թեև, օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին ընգծեց, որ խոսքը գնում է Եվրասիական տնտեսական միության մասին, և «ոչ մի քաղաքականություն չկա»:

 

Մասնավորապես, նույն Եվգենի Վինոկուրովն իր ելույթում մատնանշեց Զարգացման եվրասիական բանկի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն' շուրջ 1200 հարցվածների 67 տոկոսը կողմ է արտահայտվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, և միայն 5 տոկոսն է դեմ եղել այդ հեռանկարին:

 

«Սա շատ շատ լուրջ աջակցություն է' լուրջ քաղաքական որոշումներ կայացնելու համար»,- նշեց Վինոկուրովը: Այս հարցման հավաստիությունն ավելի ուշ վիճարկեց հայ լրագրողներից մեկը' «Հ-2» հեռուստաընկերությունից: Նա կարծիք հայտնեց, որ եթե այդ հարցումը համապատասխանում է իրականությանը, ապա դա չի նշանակում, թե այդ 67 տոկոսն իրականում ցանկանում են, որպեսզի Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ: «Դրանք այն մարդիկ են, որոնց կեսը մտածում է, թե Մաքսային միություն մտնելու դեպքում կէժանանա ամեն ինչ, բայց մյուսները հասկանում են, որ այդպես չի լինելու' թանկանալու է ամեն ինչ…

 

Երկրորդը' այդ 67 տոկոսի մեծամասնությունը մտածում է, թե Մաքսային միության անդամակցությունը կլուծի ղարաբաղյան հարցը: Հիմա ես անցնում եմ իմ հարցին' ի վերջո, որտե՞ղ են լինելու մաքսակետերը, Հայաստանի ու ԼՂՀ-ի՞, թե՞ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Եթե դուք մաքսակետեր դնեք Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, այդ դեպքում Հայաստանը չի մտնի ՄՄ, որովհետև դրանով դուք Ղարաբաղը պաշտոնապես կճանաչեք Ադրբեջանի մաս:

 

Եթե դուք մաքսակետերը դնեք Ղարաբաղի և Ադրբեջանի հետ սահմանին, դա մեծ խնդիր կառաջացնի. պարզ է, որ Ղազախստանը թույլ չի տա նման բան, Ռուսաստանը' նույնպես, որովհետև, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում դուք շատ սերտորեն համագործակցում եք Ադրբեջանի հետ»,- ասաց հայ լրագրողը: Հարցադրմանը պատասխանեց ԵվրաԱզԷՍ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, ով նշեց, թե Ռուսաստանը չի տեղադրելու մաքսակետեր: «Եթե գտնում եք, որ Մաքսային միության սահմանը պետք է անցնի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, ապա դա, բնականաբար, հայկական կողմի պայմանն է, և Ռուսաստանը պետք է այդ պայմանների վրա խաղա Հայաստանի հետ:

 

Այդ պատճառով' պետք չէ Մաքսային միությունը և Ռուսաստանն ընդունել որպես սուբյեկտներ, որոնք քաղաքական պայմաններ են պարտադրում Հայաստանին»,- ասաց Լեպեխինը: Իսկ երևանյան կողմից' տնտեսագետ Աշոտ Թավադյանը, ում վերջերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անվանել էր «նախկին տնտեսագետ», շատ ոգևորված լինելով հետխորհրդային տարածքում նոր միավորման ստեղծման հեռանկարով և հավանաբար խորհրդային կարոտախտից դրդված' կատարեց մի շարք տնտեսագիտական դատողություններ և դրա հետ մեկտեղ սկսեց իր ռուս գործընկերներին դիմել «ընկերներ» (товарищи) կոչումով:

 

Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Սմիրնովն էլ առաջին հերթին հարկ համարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' «Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման մասին» մոսկովյան հայտարարությունն «ականավոր» անվանել: Հետո խոսեց այն մասին, թե ինչպես են ընդունում հայկական լրատվամիջոցները Մաքսային միություն մտնելու Հայաստանի հեռանկարը:

 

«Երբ մենք միջոցառումներ էինք անցկացնում Հայաստանում, մենք հստակ զգում էինք, որ Հայաստանի բուն հասարակությունը ձգտում ունի դեպի Եվրասիական ինտեգրացիա, և երբ երեկ հայտնի դարձան Եվրասիական զարգացման բանկի հարցման արդյունքները, հպարտություն զգացինք, որ մեր ներքին զգացումներն ամբողջովին համընկան այն թվերի հետ, որոնք հրապարակվեցին. երկրի բնակչության 67 տոկոսը աջակցում է եվրասիական նախաձեռնությանը…և ընդամենը 5 տոկոսն է վատ վերաբերվում ՄՄ մտնելու որոշմանը:

 

Սակայն միաժամանակ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի քաղաքացիական հասարակությունում գործող այն հասարակական կազմակերպություններին, որոնք կողմ են եվրասիական ինտեգրացիային, իսկ ահա ոչ կառավարական արևմտյան կազմակերպությունները, որոնք ծառայում են այդ 5 տոկոսի շահերին, նրանց թիվը կազմում է շուրջ 350»,- նշեց Սմիրնովը' այդպես էլ չպարզաբանելով, թե ո՞ր փաստերի հիման վրա է «ապացուցվում», որ ոչ կառավարական կազմակերպությունները կամ լրատվամիջոցները ծառայում են հասարակության միայն 5 տոկոսին:

 

Նույն Սմիրնովն իրեն իրավունք վերապահեց հայտարարելու, թե Հայաստանը չի մասնակցելու Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք Արևելան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովին, որտեղ, ինչպես հայտնի է, Եվրամիությունը նախատեսում էր Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ նախաստորագրել, իսկ Ուկրաինայի հետ՝ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

 

«Բոլորդ գիտեք, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցելու այդ գագաթաժողովին, դրանից գագաթաժողովը չեղյալ չի համարվի»,- իր հրճվանքը չթաքցնելով' նշեց Անդրեյ Սմիրնովը: Առավել հետաքրքրական էր նրա կարծիքը Հայաստանի նկատմամբ ճնշման վերաբերյալ հայտնի տեսակետի մասին:

 

«Ասում են' իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց մտնել Մաքսային միություն: Բանն այն է, որ ոչ թե Ռուսաստանն է այս ընթացքում ճնշում գործադրել Հայաստանի վրա, այլ Եվրոպական միություն»,- ասաց Սմիրնովը: