Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին վավերացրել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստրասբուրգից հայտնել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը:

 

Համաձայնագրի օգտին քվեարկել է Եվրախորհրդարանի 490 պատգամավոր, դեմ՝ 76-ը: Քվեարկությունից ձեռնպահ են մնացել 57-ը:

 

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասը խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրն Է, հունիսի 27-ին ստորագրվել Է Բրյուսելում: Որպեսզի փաստաթուղթն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, վավերացում Է անհրաժեշտ այն ստորագրած երկրների խորհրդարաններում, Եվրախորհրդարանում եւ ԵՄ-ի անդամ երկրների խորհրդարաններում:

 

Փաստաթղթի վավերացմանը ներկա են եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին, Վրաստանի խորհրդարանի երկու պատգամավորներ՝ արտաքին կապերի կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեն եւ եվրոպական ինտեգրացման հարցերի կոմիտեի նախագահ Վիկտոր Դոլիձեն, որը ներկայում «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկն Է:

 

Վավերացմանը ներկա Էր նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին Ստրասբուրգի այս միջոցառմանը հրավիրել Էր Եվրախորհրդարանի ամենաբազմանդամ կուսակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: