Բուսաբուծությամբ զբաղվող ֆերմեր Արարատ Ավոյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անկախ Մաքսային միություն մտնել-չմտնելուց, հայ ֆերմերներից շատերը արդեն իսկ իրենց արտադրանքը իրացնում են Ռուսաստանում: Ուստիև, ըստ նրա, հայ ֆերմերներին ավելի հոգեհարազատ է Մաքսային միությանն անդամակցելը, թեև անկախ համաձայնագրերից, ռուսների հետ գործընկերային սերտ կապերը ձևավորված են:

«Մենք այս տարի 1400 տոննա կարտոֆիլ արտահանել ենք Ռուսաստան, որից մոտ 500 տոննա սերմ է եղել», -տեղեկացրեց ֆերմերը: Մեր այն հարցին, թե այդ նույն արտադրանքը հնարավոր չէ՞ իրացնել եվրոպական որևէ երկրում, նոր շուկա փնտրել այնտեղ, մեր զրուցակիցն ասաց. «Մենք Եվրոպայում չենք կարող իրացնել մեր ապրանքը, որովհետև մեր դեմը կփակեն»:

Այսինքն խի՞ստ են եվրոպացիների պահանջները, հարցրեցինք մենք: «Ոչ թե խիստ են պահանջները, այլ ամենաառաջինը սեփական ֆերմերի շահերը կպաշտպանեն, սեփական շուկան կպաշտպանեն, եթե ավելցուկ տեղ մնաց, նոր միայն մեզ կթողնեն: Նախ' ապրանքն էլ չունենք, որ կարողանանք արտահանել, բայց եթե նույնիսկ շատ ուզենք արտահանել, իրենք ամեն ձևի մեջ ճամփան կփակեն, քանի դեռ իրենց ներքին արտադրողը չի կարողացել ինքն իրենը վաճառել»:

Ըստ մեր զրուցակցի, եթե ընտրությունը մաքսային միության ու Եվրամիության մեջ է, ապա գերադասելի է մաքսային միությունը, որովհետև կոնկրետ ինքը, կրթություն ստանալով սովետական տարիներին, շրջապատ, ծանոթություն է ձեռք բերել ռուսների շրջանակում և դարձել է ռուսամետ: «Ավելի հեշտ է աշխատել, հետո ոնց ասեմ շրջապատ կա, ծանոթներ կան, ընկերներ կան, որոնց հետ ճանապարհ ես անցել ժամանակին , ռուսներին ես ծանոթ, ռուսական մենթալիտետին ես ծանոթ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Արարատ Ավոյանը մաքսային միությանը անդամագրվելուն կողմ լինելը պարզաբանում է նաև մեկ այլ հանգամանքով. «Ես կարդացել եմ Ֆեյսբուքով, Հայաստանը միակ երկիրն է, որ ռուսական զինվորական արտադրության կոմպլեքսից զենքը կարող է գնել հենց գործարանային արժեքով, իսկ դա մեզ համար շատ մեծ բան է, մենք, վերջապես, պիտի դառնանք չէ՞ Կովկասի Իսրայելը»: