168.am Քաղաքացիական շարժումների և դրանց մասնակիցների նկատմամբ իշխանության կողմից հալածանքների գագաթնաակետը վերջերս պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սարդարապատ շարժման համակարգող, Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը:

 

«Ես համոզված եմ, որ Վոլոդյայի նկատմամբ կատարվածը միանշանակ քաղաքական հալածանք է»,- հայտարարեց Վ. Ավետիսյանի մարտական ընկերը: Սէֆիլյանը պատմեց, որ ճանաչում է ազատամարտիկ Վ. Ավետիսյանին դեռ 1991-92 թթ., և իրենք նույնիսկ միասին մարտական գործողության են մասնակցել Մարտակերտի շրջանում: «Ես մանրամասն տեղյակ եմ Վոլոդյայի գործունեությանը սկզբից.Վոլոդյան եղել է ամենաաչքառու, պինդ, նվիրված երիտասարդներից, ով այդ օրերին կանգնած է եղել' որպես Լեոնիդ Ազգալդյանի աջ բազուկ: Ուզում եմ հիշեցնել, որ Վոլոդյայի առաջին հրապարակային ելույթը տեղի է ունեցել ս.թ. մայիսի 9-ին, Գյումրիում' մեր հանրահավաքի ժամանակ»,-շարունակեց նա:

 

Սակայն ավելի ուշագրավ էին ոչ թե Վոլոդյա Ավետիսյանի մարտական, այլ վերջին' քաղաքացիական գործունեության հետ կապված բացահայտումները, որ այսօր արեց Ժիրայր Սէֆիլյանը:

 

Նա հայտարարեց, որ մինչև Վ. Ավետիսյանի ձերբակալումն իշխանությունները կաշառք են առաջարկել Վ. Ավետիսյանին, որպեսզի վերջինս հրաժարվի ազատամարտիկների կազմակերպած բողոքի ցույցերին մասնակցելուց: «Այսօր անուններ չեմ տա, բայց եթե շարունակվի հալածանքը Վոլոդյայի նկատմամբ, ես անուններ էլ կտամ, թե ովքեր են եկել իր մոտ, ում անունով, ինչպիսի հանդիպումներ է ունեցել, ինչ մակարդակի կաշառք է եղել: Սակայն կարող եմ ասել այսպես, որ բոլորդ հանգիստ լինեք. ամենաբարձր մակարդակից' փոքրից սկսել են, հասել են մինչև Բաղրամյան 26…

 

Վոլոդյան ինձ ամեն ինչ պատմել է»,- նշեց Ժ. Սէֆիլյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանքի սանկցիա: Ըստ պաշտպանության նախարարության քննչական ծառայության մեղադրանքի' նա ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: