Քննչական մարմինը, հասկանալով, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված հոդվածով չի կարող պահել կալանքի տակ, օրեր առաջ նոր մեղադրանք է առաջադրել՝ խարդախություն կատարելու փորձի վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վ. Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

 

Փաստաբանը նշում է, որ արդեն մեկ ամիս է ինչ Վ.Ավետիսյանին կալանավորել են, բացի մեղադրանք առաջադրելուց' ոչ մի քննչական գործողություն չի կատարվե:Այնինչ քննչական մարմինը պետք է անհապաղ կատարեր առերեսում այն բոլոր մարդկանց հետ, ովքեր Վ.Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել:

 

Արա Զաքարյանը նշում է նաև, որ առաջին ատյանի դատարանը սանկցիա կիրառելու որոշման հիմքում դրել է այն, որ Վ. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը հիմք է տալիս ասելու, որ նա ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է կատարել հանցագործություն և խոչընդոտել քննությանը:

 

Համաներման ակտի հետ կապված էլ փաստաբանը նշում է, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է գնդապետին կալանքից ազատ արձակել, ինչը ևս անտեսվել է: Վերաքննիչ դատարանի պատճառաբանությամբ էլ համաներումը պետք է կիրառի վարույթն իրականացնող մարմինը, այսինքն՝ քննիչը:

 

Ըստ փաստաբանի՝ քննչական մարմինը, գիտակցելով, որ միայն մեկ մեղադրանքի պայմաններում համաներումը կիրառելի է, ձևականորեն առաջադրել է մեկ այլ մեղադրանք, որպեսզի ցույց տա, որ համաներման ակտի համաձայն՝ այս դեպքում, համաներումը կարող է կիրառել միայն դատարանը:

 

Փաստաբանը չի բացառում, որ օրեր անց քննչական մարմինը հայտարարի, որ այն անձինք ովքեր Վոլոդյա Ավետիսյանի դեմ ցուցմունք են տվել և նրանց ցուցմունքների հիման վրա է Ավետիսյանը ձերբակալվել և կալանավորվել, ՀՀ-ից բացակայում են:








«Փաստինֆո»