Նյու – Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա վկայություններից է Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։

 

Անդրադարձ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի և Իրանի Մեջլիսի միջև համագործակցությանը, կարևորվեց միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում փոխգործակցության վերաբերյալ։

 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։
Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը քննարկեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը՝ կարևորելով այդ ուղղությամբ արձանագրված դրական միտումները։
Անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։

 

Այս համատեքստում Իրանի ԱԳ նախարարը վերահաստատեց իր երկրի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: