Lragir.am Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է բարեփոխումների ծրագիրը, որը ստացել է ժողովրդավարական փոփոխություններ անունը, տեղեկացնում է Հյուրիյեթը:
Բարեփումների մի մասը վերաբերում է էթնիկ փոքրամասնություններին: Մասնավորապես, մասնավոր դպրոցներում թույլատրվելու է էթնիկ փոքրամասնությունների լեզուներով ու բարբառներով կրթությունը: Էրդողանը խոստացել է այլեւս չտուգանել q, w, x տառերի համար, որոնք օգտագործվում են քրդերենում: Աշակերտական երդումը, որը սկսվում է «Ես թուրք եմ» արտահայտությամբ, այլեւս պարտադիր չի լինի տարրական դասարաններում սովորողների համար:
Էրդողանն ասել է, որ Նեւշեհիրի համալսարանի անունը փոխվելու է Հաջի Բեքթաշի Վելիի անվան համալսարանի, ով ալեւիների համար սուրբ մարդ է: Գաբրիելի վանքնի հողերն էլ հետ են տրվելու ասորական համայնքին:
Թուրքիայի վարչապետի խոսքով, խստացվելու են նաեւ խտրականության համար պատիժները: Մասնավորապես, կրոնական, ազգային կամ էթնիկ հիմքի վրա խտրականություն անելու համար պատիժը 1 տարի ազատազրկումից կխստացվի մինչեւ 3 տարի:
Բարեփոխումների ծրագիրը փոփոխություններ է նախատեսում նաեւ ընտրական համակարգում, ինչպես նաեւ խոսքի ազատության ընդլայնում: