Գյուղնախարար Սերգո Կարապետյան շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր գյուղաշխարհի և գյուղատնտեսության բնագավառի մասնագետների՝ ֆերմերների, գիտնականների ու գործարարների տոնն է։ Սիրելի երկրագործներ, ձեր քրտնաջան աշխատանքի և պետական նպատակաուղղված քաղաքականության արդյունքում գյուղատնտեսության ոլորտը թևակոխեց զարգացման նոր միջավայր՝ գյուղն ու գյուղատնտեսությունը, գյուղմթերքի արտադրությունն ու իրացումը ձեր ջանքերով դարձավ մեկ ամուր արժեշթղա։

 

Դուք եք երկրի կերակրող ձեռքը, և Հայաստան երկրի շնորհակալ հողը միշտ վարձահատույց է լինելու ձեզ՝ օր օրի բարելավելով բոլորիս կյանքի որակը, բարձրացնելով մեր պետության պարենային անվտանգության մակարդակը։ Ես հավատում եմ ձեր ուժերին, մեր հողի զորությանը և համոզված եմ, որ այս հողի վրա մենք օր օրի ավելի վստահ և ուժեղ ենք կանգնելու։

 

Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում ձեզ'գյուղատնտեսի օրվա կապակցությամբ։ Մաղթում հայ երկրագործին վայել տոկունություն, ուժ, եռանդ և, իհարկե, տոնական տրամադրություն։