Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստկանության բաժին բերման ենթարկված չորս քաղաքացիներից Արգիշտի Կիվիրյանը Կրակոտ Դդումի տոնի կապակցությամբ նախագահական նստավայրի մոտ Սերժ Սարգսյանի համար նախատեսված դատարկ դդումը տեղադրելիս եղել է Anonymous-ի դիմակով, ինչն էլ սարսափեցրել է ոստիկանության աշխատակիցներին:

 

Newsbook.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք որոշել են տոնի կապակցությամբ նվեր մատուցել Սերժ Սարգսյանին և նախագահական նստավայր են գնացել տոնին համապատասխան դիմակներով:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության աշխատակիցները մոտեցել են քաղաքացիներին ու բռնի ուժի գործադրմամբ նստեցրել ոստիկանության մեքենա: Այժմ քաղաքացիները գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:

 

Հիշեցնենք, որ այսօր աշխարհում նշվում է Հելոուինի տոնը: Այս օրը մարդիկ հագնում են ամենատարբեր հրեշների կերպարներով հագուստներ և սարսափելի կոստյումներ, կազմակերպում են շքերթներ և երեկույթներ: