Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի դատավարության ժամանակ ամբաստանյալ Գուրգեն Աբրահամյանի քույրը հայտնել է, որ ինքը պայմանագիր է կնքել փաստաբան Կարեն Մկրտչյանի հետ, վճարել է 470 հազար դրամ կանխավճար,որպեսզի վերջինս պաշտպանի եղբոր շահերը, սակայն Մկրտչյանը չի ներկայացել դատարան:

 

Newsbook.am-ը կապ է հաստատել փաստաբանի հետ` պարզելու իրականում տեղի ունեցածը և ամբաստանյալի`Գուրգեն Աբրահամյանի շահերը այլևս չպաշտպանելու պատճառը: Պարզվել է, որ ամբաստանյալի քույրը սխալ է մեկնաբանել ամեն ինչ: Նա հերքել է այն լուրը, թե իրեն կանխավճար են տվել և հավելել, որ բանկով իրեն փոխանցված 470 հազար դրամ գումարը եղել է նախաքննական փուլում ամբաստանյալի շահերը պաշտպանելու համար: Փաստաբանը ամբաստանյալի քրոջը նախապես տեղյակ է պահել, որ եղբորը պաշտպանելու է միայն նախաքննական փուլում,և որ միայն նոր պայմանագիր կնքելու դեպքում հնարավոր կլինի դատարանում ներկայացնել նրա շահերը: