Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը վերջերս Վրաստանը նախաստորագրեց, կբերի երկրի տնտեսության բարելավմանը, Եվրոպայի հետ վիզային ռեժիմի մեղմացմանը և վրաց հանրության եվրաինտեգրմանը:
«Այս փաստաթուղթը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ առավել ինտենսիվ մերձեցմանը, առավել մեղմ վիզային ռեժիմի մոտեցմանը, մասնավորապես' սկզբում վիզային ռեժիմը առավել ճկուն կդառնա, իսկ հետագայում առհասարակ կվերանա»,-հայտարարել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
Նախագահը հավելել է, որ օտար երկրներ մեկնած Վրաստանի քաղաքացիներն այդպիսով հնարավորություն կստանան հետ վերադառնալ հայրենիք:
«Եվ, իհարկե, երկրորդ կարևոր կետը տնտեսական գործընթացներն են, որոնք թույլ կտան օտարեկրյա ներդրողներին բերել Վրաստան մեր' դեռևս թույլ տնտեսության մոդեռնիզացիայի համար»,-ասել է նախագահը: