ԱԺ–ում դեկտեմբերի 23-ին «գազային» համաձայնագրերի քվեարկության օրը ԱԺ կոալիցիոն մի քանի պատգամավորի էլեկտրոնային քվեարկության քարտերը հավաքելու՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի քայլը իրավական հետևանքներ չի կարող ունենալ, Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքով ամեն դեպքում դա սահմանված չէ։

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին բացատրեց, որ այնպես, ինչպես պատգամավորների՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկությունը իրավական որևէ պատիժ չի սահմանվում, նույնն էլ այս դեպքում է։

 

«Հետո չկա որևէ նորմ, որպեսզի պատժեն այդ մարդուն։ Գիտե՞ք, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել, որովհետև նրբություններից ելնելով, այդ տեսակ խնդիրը կարողացան լուծել, չէ որ կարելի է բոյկոտել, բողոքել դուրս գալ, մեխանիզմները տարբեր են, որոնից մեկն էլ սա էր»,- ասաց նա։

 

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր հարցն ուղղեց՝ նշելով, թե գողանալը շատ կոպիտ է ասված և պետք է ընդամենն ասել, վերցնել։

 

«Փաստը պետք է արձանագրել, որ էլեկտրոնային համակարգը չի աշխատել, իսկ չաշխատելու պարագայում կանոնակարգ օրենքը պարտադրում է, որ հաշվիչ հանձնաժողովը պետք է անցնի աշխատանքի, իսկ դա նշանակում է, որ տեխնիկապես պետք է հայտարարվեր ընդմիջում, հանձնաժողովը նիստ հայտարարեր, կազմակերպչական հարցեր որոշեր, այդ հարցերի հիման վրա նայեր հաշվարկի հստակ համակարգ առաջարկեր»,- ասաց նա և օրինակ բերեց, թե հանձնաժողովի մեկ անդամը մի շարքը հաշվարկեր, մյուսը՝ մեկ ուրիշ, և այլն։

 

«Իսկ վերջում հանձնաժողովը պետք է որոշում կայացներ, որն էլ հիմք կհանդիսանար ԱԺ նախագահի համար հրապարակել քվեարկության արդյունքները։ Քանի որ այս ամեն ինչը չի արվել, մենք հայտարարում ենք, որ տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտում, ինչը հիմք է հանդիսանում ՍԴ-ում ամբողջությամբ վիճարկելու ընդունված որոշումը»,- նշեց նա։

 

Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ՀՀԿ-ական պատգամավորներն էլ կարող են վիճարկել համակարգը խափանելու պատճառը, Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա իրենց իրավունքի հարցն է։