1921 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը կնոջ' Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի ՌԴ-ում անցկացնելուց հետո, ի վերջո, վերադարձել են հայրենիք և մոտ երկու տարի է, ինչ ապրում են մայրաքաղաքում գտնվող իրենց բնակարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած և պատերազմի ողջ թոհուբոհով անցած մեծ հայրենասերը' Վազգեն Հովհաննիսյանը, 94 տարեկանում Հայաստանի քաղաքացի դառնալու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ցանկություն էր հայտնել:

 

Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները ոչ միայն մեծ պատրաստակամությամբ էին ընդառաջել նրան, այլև որոշել էին անձամբ այցելել պատերազմի վետերանին: Դեկտեմբերի 27-ին ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանի գլխավորությամբ այցելեցին Վազգեն Հովհաննիսյանի բնակարան և նրան հանձնեցին ՀՀ քաղաքացու անձնագիրը: Օրը հիշարժան էր նաև նրանով, որ անձնագիր ստացավ նաև Վազգեն Հովհաննիսյանի կինը' տիկին Լուսյան:

 

Օգտվելով առիթից անձնագրայինի աշխատակիցները Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին տանտերերին: