Հունվարի 14 ին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման աշխատանքներին իրենց հերթական նպաստն են բերել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամ կառույցներից «Հայաստանի սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության կամավորները:

 

Այս անգամ նրանք Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցներին աջակցել են սառույցի շերտից մի քանի փողոցների մայթերն ազատելիս' դրանով իսկ նպաստելով նաև քաղաքացիների անցուդարձն առավել անվտանգ դարձնելուն:

 

Ի դեպ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի անդամները հանրօգուտ աշխատանք են կատարում տարվա բոլոր եղանակներին, իսկ ձմռանը, բնականաբար, ձյան մաքրման տեսքով: Կամավորները հույս են հայտնել, որ իրենց նախաձեռնությունը վարակիչ կդառնա նաև մյուս հասարակական կազմակերպությունների անդամների ու մայրաքաղաքի շարքային բնակիչների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն