Մեքսիկացի Խեսուս Չավես Կաստիլիոն, ում նկատմամբ այժմ դատավարություն է ընթանում ԱՄՆ-ում, խոստովանել է առնվազն 800 մարդու սպանությունները: Այս մասին հայտնում են Լատինական Ամերիկայի ԶԼՄ-ները:

 

Չավես Կաստիլիոն 2010 թվականին ձերբակալվել է Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքում, իսկ այնուհետև հանձնվել է ԱՄՆ-ին: Դատավարության ընթացքում նա պատմել է, որ եղել Է Barrio Azteca ավազակախմբի կազմում, որի պարագլուխն ամեն օր իր համար սահմանել է սպանության որոշակի բաժնեմաս: Դա արվում էր ոստիկանությանը և բնակչությանն ահաբեկելու համար:

 

Ըստ Fox News ալիքի տվյալների՝ մեքսիկացի ելուզակը մեղադրվում է նաև 2010 թվականի մարտին ԱՄՆ-ին սահմանակից Սյուդադ Խուարեսում ԱՄՆ-ի հյուպատոսության մի քանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների սպանությունների մեջ:

 

ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուայի նահանգը հայտնի է որպես թմրանյութերի տեղափոխման հենակետային վայր: Դրա տարածքում գործում են մի քանի հանցախմբեր, որոնք պայքար են մղում այդ գերշահութաբեր ապօրինի գործարարության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: