Առնվազն 800 մարդ է զոհվել ապրիլի 19-ին Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությանը:

 

«Մենք կարող ենք հաստատել 800 մարդու զոհվելը»,- հայտարարել է վարչության ներկայացուցիչը:

 

Ինչպես նշվել է ավելի վաղ, ոչ մեծ նավը մեկնել էր Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիբիական նավահանգստից: Նավի վրա եղել են Ալժիրի, Եգիպտոսի, Սոմալիի, Նիգերիայի, Սենեգալի, Մալիի, Զամբիայի, Բանգլադեշի եւ Գանայի քաղաքացիներ:

 

Ըստ վերջին տվյալների՝ նավաբեկությունից հաջողվել է փրկել 27 մարդու:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիցիլիական նեղուցում խորտակված նավում եղել է շուրջ 950 մարդ, այդ թվում՝ 40-50 երեխա եւ 200 կին:

 

Ինչպես ապրիլի 21-ին հաղորդել է Reuters գործակալությունը, հղում անելով Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոյի հայտարարությանը, Իտալիայի իշխանությունները մարդավաճառության կասկածանքով ձերբակալել են խորտակված նավից փրկված երկու մարդու:

 

Կասկածյալներին բռնել են այն բանից հետո, երբ նրանք մյուս փրկվածների հետ միասին ժամանել են Սիցիլիայի Կատանիա նավահանգիստ: Նրանց կալանքի տակ վերցնելու կարգադրություն է արել Կատանիայի դատախազ Ջովանի Սալվին: Դատախազի գրասենյակի աշխատակիցների ասելով՝ ձերբակալվածներից մեկը խորտակված նավի հրամանատարն Է, իսկ մյուսը՝ նրա օգնականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: