Հոմս քաղաքի հին թաղամասերից, որոնք գտնվում են զինյալների հսկողության տակ, բնակիչների տարհանումը ձախողվել է կրակահերթի և պայթյունների պատճառով: Այս մասին փետրվարի 19-ին տեղեկացրել է Հոմսի քաղաքապետ Թալալ ալ Բարրազին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրա խոսքով' իրենց հաջողվել է դուրս բերել ընդամենը 11 քաղաքացու: Նա մեդադրել է զինյալներին համաձայնությունը խախտելու մեջ: «Բնակիչների տարհանումը համաձայնեցված էր ՄԱԿ-ի հետ, ինչպես դա արվել է նախորդ անգամ»,- նշել է քաղաքապետը:
Մինչև այժմ Հոմսի ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող թաղամասերից տարհանվել է 1400-ից ավելի քաղաքացի: Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեց մարդիկ են:
Հոմսի քաղաքապետը մինչ այդ տեղեկացրել էր, որ քաղաքում վերսկսվել է բնակիչների տարհանումը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը մուտք է գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բաբիլլա արվարձան: Ավելի քան 300 ապստամբներ համաձայնել են Բաբիլլայում դադարեցնել կրակը: Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը: Ակնկալվում է, որ 48 ժամվա ընթացքում բնակիչները կսկսեն վերադառնալ ինչպես Բաբիլլայի, այնպես էլ Բեյթ Սահեմի և Իլդայի իրենց բնակավայրեր: