Ուկրաինան Վիկտոր Յանուկովիչին մեղադրել է երկրի իրադրության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի պայմանները չկատարելու մեջ եւ հայտարարել, որ դրա համար ողջ պատասխանատվությունն ընկնում է հենց նրա վրա:
Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ներկայիս Գերագույն ռադան քաղաքական պատասխանատվություն է ստանձնել երկրի իրադրության համար:
Դրա հետ մեկտեղ, ինչպես ընդգծում է ԱԳՆ-ն, Յանուկովիչի իշխանազրկումը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ նա երկրի համար խիստ պատասխանատու ժամանակաշրջանում ինքնամեկուսացավ:
Միաժամանակ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հիասթափություն է հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության կապակցությամբ: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ փետրվարի 21-ին ստորագրված համաձայնագիրը չի կատարվում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների կողմից:
Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք խոչընդոտում են «Ուկրաինայի քաղաքական ու տնտեսական կայունացման գործընթացին»:
Մինչդեռ, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի լիակատար աջակցությունն է խոստացել Ուկրաինայի նորընտիր վարչապետ Արսենի Յացենյուկին եւ նրա կաբինետին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Յացենյուկի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը «վարչապետին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային լիակատար աջակցություն կապահովի տնտեսության առողջացման համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, երկրում խաղաղության եւ համաձայնության հասնելու, նրա կողմից միջազգային պարտավորությունների կատարման եւ հարեւանների հետ կառուցողական հարաբերությունների համար ուղիներ գտնելու գործում»: