Ուկրաինայի Գերագույն Ռադան լիագումար նիստի ժամանակ որոշել է դիմել Բուդապեշտի հուշագիրը ստորագրած անդամ երկրներին' Ղրիմում տեղի ունեցող վերջին զարգացումներով պայմանավորված խնդրելով երաշխավորել երկրի անվտանգությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատգամավորները նաև կոչով դիմել են Ռուսաստանին' հորդորելով դարադրեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սպառնացող գործողությունները:
Նույն լիագումար նիստի ժամանակ խորհրդարանականները օրենք են ընդունել Գերագույն Ռադայի պատգամավորներին տրվող արտոնությունների վերացման մասին: Փետրվարի 28-ի գիշերը Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ՈՒկրաինայում տիրող իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները մտադիր է հաղթահարել դիվանագիտական ուղիներով: «Մենք փորձում ենք գործել' ուշադրության կենտրոնում պահելով դիվանագիտությունը: Դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է»,- CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը:
Միաժամանակ, ԱՄՆ ներքին գործերի նախարարը կարծիք է հայտնել, որ իրադարձությունների «սադրիչ կերպով զարգացման» պարագայում Ուկրաինայում կարող է «շատ վտանգավոր իրավիճակ» ստեղծվել:
1994-ի Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Ուկրաինայի համար որևէ ռազմական սպառնալիք ստեղծվելու դեպքում այդ տերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ են տեղափոխում խնդիրը և պաշտպանում են Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: